Հայաստանում թմրամոլները հաշվառվում են որպես հիվանդներ, մինչդեռ խաղամոլները՝ ոչ : Չնայած ասվածին՝ մասնագետները նշում են, որ թմրամոլության դեմ պայքարելն ավելի հեշտ է, քան մոլախաղերի: Պատճառն այն է, որ թմրամոլությունն ունի բիոլոգիական բաղադրիչ և հենց դրա վրա ազդելով էլ, դեղորայքային միջամտությամբ, ահագին հեշտանում է արդյունքի հասնելը:

41-ամյա Արմենը տաքսի ծառայությունում աշխատում է որպես վարորդ: Նա Զովունիում է ապրում, խաղատունը նրանց տան ճանապարհին է: Ասում է, որ չի կարողանում անտարբեր անցնել կողքով: Արմենի համար խաղը գումար վաստակելու միջոց չէ, այլ հակառակը՝ գումարն է խաղալու միջոց: Նա բողոքում է, որ բոլորն իրեն մեղադրում են, անգամ նրանք, ովքեր ամբողջ օրը համակարգչի դիմաց են անցկացնում իրենց ժամանակը, «Բա դուք ինչո՞ւ անտարբեր չեք անցնում համակարգչի կողքով»,- հարցնում է Արմենը:

Խաղամոլությունը կլինիկական հոգեբուժությունում և հոգեբանությունում ախտորոշվում է, երբ առկա են հետևյալ բնութագրիչները.

1. Մտքի զբաղվածություն խաղով և խաղային կոմբինացիաներով՝ անգամ այն ժամանակ, երբ մարդը չի խաղում,

2. Հետաքրքրությունների շրջանակի նեղացում, նախկին հետաքրքրությունների փոխարինումը խաղով,

3. Խաղին նվիրված ժամանակի աստիճանական ավելացում,

4. Հոգեբանական դիսկոմֆորտի զգացում, մշտական ներքին լարվածություն,

5. Խաղալու գայթակղությանը դիմադրելու կարողության աստիճանական նվազում:

Հոգեբան Սարգիս Միքայելյանը նշում է, որ հոգեբանության և հոգեբուժության մեջ խաղամոլությունը դասվում է ադդիկցիաների՝ կախվածությունների շարքը: Ըստ հոգեբանի՝ գոյություն ունեն խաղամոլությամբ տառապողների հետևյալ տեսակները՝ բախտ որոնողներ, հիասթափվածներ և հուսահատվածներ:

Առաջին խումբը ներառում է հիմնականում երիտասարդ տղամարդկանց, ովքեր սուր զգացողությունների պակաս ունեն և միաժամանակ ցանկանում են արագ հարստանալ: Հոգեբանը նշում է, որ սա խաղամոլության համեմատաբար քիչ վտանգավոր և համեմատաբար հեշտ անցնող տեսակն է:

Երկրորդ խմբում արդեն միջին տարիքի տղամարդիկ և կանայք են, ովքեր կյանքում դաժան փորձությունների են ենթարկվել, դժգոհ են իրենց սոցիալական և ընտանեկան կյանքից, ինքնառեալիզացիայի խնդիրներ ունեն և որպես իրականությունից փախուստի և կոմպենսացիայի տարբերակ՝ գտել են ազարտային խաղերը:

Երրորդ խմբում արդեն «վաստակաշատ» խաղամոլներն են: Ըստ Միքայելյանի՝ նրանք հիմնականում միջինից բարձր տղամարդիկ և կանայք են, որոնց համար ազարտային խաղերը կենսակերպ են:

Առաջին խմբի երիտասարդների մեջ հաճախ կարելի է տեսնել նաև անչափահասների: Որոշ ծնողներ երեխաներին արգելում են անգամ մոտենալ մանկական «փափուկ խաղալիք որսացող» ապարատներին, վախենալով, որ դրանք կարող են ազարտ առաջացնել:
Հոգեբանը նշում է, որ պետք չէ այդքան լուրջ վերաբերվել դրանց:

Առավել վտանգավոր է այն, որ երեխաները առանց որևէ արգելքի կարողանում են համացանցի միջոցով խաղադրույքներ կատարել: Իսկ 17– ամյա Արթուրը պատմում է, որ ինքը հաճախ լինում է նաև խաղատներում: Նա ասում է, որ խաղատուն մտնելիս նրան զգուշացնում են, որ անչափահասների մուտքն արգելված է, բայց երբեք չի հիշում մի դեպք, երբ դրա պատճառով իրեն արգելած լինեն մուտք գործել այնտեղ: Արթուրն ասում է, որ երբեմն իր ձեռքից վերցնում են հեռախոսը, որ կորցնի ժամանակի զգացումը ու խաղա: Մինչդեռ բոլոր խաղատները, ինչպես և սպասվում էր, հերքում են այս տեղեկությունները:

Անդրադառնալով թմրամոլության և խաղամոլության դեմ պայքարին զուտ հոգեթերապիայի տեսանկյունից՝ մասնագետը նշում է, որ այդ դեպքում ևս ավելի հեշտ է թմրամոլության դեմ պայքարը, քան խաղամոլության, քանի որ թմրամոլը հոգու խորքում գիտակցում է իր ողբերգությունը և փնտրում է դրանից ազատվելու տարբերակ: Բացի այդ, նա թմրանյութի մեջ հնարավոր շահում, օգուտ չի տեսնում՝ ի տարբերություն խաղամոլի:

Պետք է նշել նաև, որ խաղամոլները քիչ են դիմում հոգեբանի օգնությանը:

Սարգիսը հիշում է իր պրակտիայի ընթացքում ունեցած միայն երկու խաղամոլ հաճախորդի: Նրանցից մեկը 3 սեանս հետո հրաժարվել է շարունակել թերապիան, իսկ մյուսը մեկ ամսվա ընթացքում կարգի է եկել, սակայն հետո հոգեբանին տեղեկություններ են հասել, որ էլի սկսել է խաղալ:

Միքայելյանը նշում է, որ խաղամոլի հոգեշտկողական թերապիան կարող է արդյունավետ լինել, եթե նա գիտակցում է իր խնդիրը: Մինչդեռ պետք է նշել, որ խաղամոլների մեծ մասը չի ընդունում, որ ինքը հիվանդ է: Թերապիայի ընթացքում կարևոր է նաև հաճախորդի կամավորությունը, հոգեթերապևտի կողմից կիրառվող նպատակահարմար մեթոդների ընտրությունը, որոնք չեն հանգեցնի այլ վարքային շեղումների, չեն առաջացնի հոգեբանական կամ առողջական այլ խնդիրներ:

Արաքս Մամուլյան