ԳԱԼԱ. Ըստ մամուլի տեղեկությունների՝ ՌԴ «Կոռուպցիայի դեմ պայքարի հասարակական խորհուրդը» պաշտոնական հայտարարություններից հետո ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆինանսական մեքենայությունների և անօրինական գործարքների մասին փաստող նյութերն ուղարկել է ՌԴ համապատասխան մարմիններին և նախագահ Վլադիմիր Պուտինին: ՌԴ պետական համապատասխան մարմինը դրանք ընդունել է ի գիտություն: Այս թեմայի շուրջ խոսեցինք «Երևան մամուլի ակումբի» նախագահ Բորիս Նավասարդյանի հետ: Ստորև ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հարցազրույցն ամբողջությամբ:

-Ձեր կարծիքով ինչո՞ւ է հենց Ռուսաստանը հետաքրքրված ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների անօրինական, կոռումպացված գործունեությամբ:

-Բավարար հիմքեր չեմ տեսնում խոսելու ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ Ռուսաստանի հատուկ հետաքրքրվածության մասին: Նախ, դա կարող է հետաքրքրվածություն լինի հենց ռուսական բիզնես շրջանակներով, և որևէ հայաստանցու հետ կապը զուտ պատահականություն է: Չեմ բացառում նաև, որ այստեղ արտահայտվել են հայկական որոշ շրջանակների շահերը, որոնք ուղղակի օգտագործում են ռուսական խողովակները:

-Ինչո՞ւ է թիրախ ընտրված հենց Ռոբերտ Քոչարյանը: Մի՞թե այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, թեկուզ նախագահի մակարդակով, նման հանցանքներ չունեն:

-Առայժմ Ռոբերտ Քոչարյանը բոլորից երկար է գտնվել ՀՀ ամենաազդեցիկ պաշտոնում և բոլորից շատ հնարավորություն է ունեցել ընդունելու այս կամ այն որոշումները: Սովորաբար այդպիսի անձերի նկատմամբ հետաքննություններն ակտիվանում են, երբ իրենք որոշ չափով կորցնում են ազդեցության լծակները, բայց շարունակում խոչընդոտ հանդիսանալ ուժերի նոր բալանսի ձևավորման համար: Այդ «կարգավիճակին» ՀՀ երկրորդ նախագահից ավելի մոտ հայտնված մեկին դժվար է գտնել:

-Ինչո՞ւ Ռուսաստանը Քոչարյանի դեպքը սկսեց հետաքննել նախագահական ընտրություններից անմիջապես հետո: Ի՞նչ մեսսիջ է սա:

-Պիտի կրկնեմ առաջին հարցին իմ պատասխանը. Չեմ գտնում, որ այստեղ կա Ռուսաստանի կողմից հատուկ մոտեցում հայաստանյան քաղաքական վերնախավի ներկայացուցիչների նկատմամբ: Սա կամ ներքին ռուսաստանյան խնդիր է, որում պատահականորեն հայտնվել է այլ երկրի ներկայացուցիչ, կամ ներքին հայաստանյան գործընթացների համատեքստում ռուսական որոշ կառույցների օգտագործման բավականին տարածված նախադեպ է: Եթե երկրորդն է, ապա պարզ է, որ պետք է արտահայտվեր իշխանության համար պայքարի այս կամ այն կարևոր փուլում: Միևնույն ժամանակ կարծում եմ, որ մինչ այս պահը տարածված տեղեկությունները համաչափ չեն այն մեծ աղմուկին, որ լսում ենք մեր լրատվամիջոցներից:

Հարցազրույցը վարեց Արմինե Վարդանյանը