Lragir.am. Անտիկ դեմոկրատիան առաջացել է ամենեւին էլ ոչ որպես բռնակալության հակադրություն, այլ հակառակը՝ որպես ազատությունը ճնշելու միջոց, եւ հենց դրա հետեւանքով անտիկ քաղաքականությունը ճնշեց ու ի վերջո ոչնչացրեց մշակույթը: Նոր դեմոկրատիան առաջացավ որպես սոցիալական շահագործման կազմակերպման մեթոդ, ինչը հանգեցրեց արյունալի ու անիմաստ դասակարգային հեղափոխությունների: Հետո մտածվեց լիբերալ դեմոկրատիան, որին ներկայում արդեն փոխարինել է ձախ լիբերալ դոկտրինը, որը կոչված է աշխարհը հասցնել լիակատար աբսուրդի, այսինքն՝ աջ գաղափարի ճնշմանն ու ջախջախմանը, որն էլ հենց իրական ազատությունն է:
Արեւմտյան հանրությունն արդեն դարձել է իմպերատիվ ոստիկանական, ինչը դարձել է համակարգի ու կարգի էությունը: Արեւմուտքում հարեւաններն իրար չեն սպանում, քանի որ կան ոստիկանները: Օրինակ, Արեւելյան Եվրոպայում հարեւաններն իրար չեն սպանում ոչ թե ոստիկաններից վախենալու պատճառով, այլ որ ամաչում են այլ հարեւաններից: Արժեքների լիբերալ դեմոկրատական համակարգը ոչ մի ընդհանուր բան չունի Ֆրանսիական հեղափոխության կարգախոսների հետ, եւ կոչված է վերացնել «ազատություն» հասկացությունը, ինչը դարձել է արխաիզմ եւ ժամանակակից ճգնաժամային աշխարհում պարզապես քմծիծաղ է առաջացնում:
Արեւմտյան հանրությանը, որն անկասկած ներառում է նաեւ Արեւելյան Եվրոպան, պատել է ռասիզմի, նացիզմի եւ հակասեմիտիզմի ալիքը: Իհարկե, հակասեմիտիզմը սոցիալական տրամադրությունների հայելին է: Եվրոպան շարունակում է աճեցնել ռասիզմը եւ հակասեմիտիզմը, իսկ ԱՄՆ-ում, Ջորջ Բուշի նախագահական ընտրության օրոք, 2000 թ. վերջին հակասեմիտիզմի պիկից հետո, հաստատվել է հակասեմիտիզմի կայուն մակարդակ: Ընդ որում, Ամերիկայում հակասեմիտիզմը լյումպենի ու բարձր դասի տրամադրություններից դարձել է միջին դասի գաղափարախոսության էլեմենտ:
Հենրի Ֆորդի եւ Ուոլթ Դիսնեյի հակասեմիտիզմն արդեն գոյություն չունի, փոխարենը արմատներ է ձգել լիովին բարեկեցիկ ու բազմաքանակ միջին դասի հակասեմիտիզմը: Բայց ո՞րն է ավելի վտանգավոր, ո՞ր հակասեմիտիզմն է ավելի վտանգավոր: Արեւմուտքի սոցիոլոգները պնդում են, որ հենց միջին դասի ռասիզմն ու հակասեմիտիզմն է Գերմանիայում իշխանության բերել նացիոնալ-սոցիալիստական կուսակցությանը:
Սակայն միամտություն կլիներ նման ծագման գաղափարախոսությունները դիտարկել որպես սոցիալական խմբերի իրողություն: Ավելի շուտ, հակասեմիտիզմը ծնվում է կաթոլիցիզմի եւ բողոքականության հակասությունների հատման տեղում: Օրինակ, որքան էլ առեղծվածային թվա, իսլամական արմատականության բուռն զարգացման պայմաններում իսլամական երկրներում այդպես էլ հակասեմիտիզմ չի առաջացել:
Ռասիզմի եւ հակասեմիտիզմի ուժեղացումը դառնում է ազատության սկզբունքների խափանման գործիք, եւ դեմոկրատիայի հաստատումը դառնում է ազատության խափանման միջոց, քանի որ դեմոկրատիան դառնում է ոմն լիբերալ-տոտալիտար մեթոդների կաղապար, առանց որոնց անհնար է ապահովել ներկայիս ֆինանսական-տնտեսական համակարգի եւ սոցիալական հարաբերությունների լեգիտիմությունը:
ԱՄՆ հրեական առաջատար կազմակերպությունների ղեկավարները հերքում են հակասեմիտիզմի ուժեղացման փաստը, սակայն ազդեցիկ այլ հրեաները Նյու Յորքում, որոնք ժամանակին դուրս էին հրավիրել Գուսինսկուն եւ Բերեզովսկուն, եւ որոնց առջեւ հրեական կազմակերպությունների առաջնորդները կանգնում են զգաստ կամ կռանում են (կախված ֆունկցիոնալ ոճաբանությունից), բավական պատկերավոր են արտահայտվում ԱՄՆ-ում հակասեմիտիզմի ուռճացման պատճառների եւ մոտիվների մասին:
Այս հզոր մարդկանց կարծիքով, սկսել է ոչ թե հակասեմիտիզմի ժամանակաշրջանը, այլ լուծվում է Իսրայելի վերացման խնդիրը: Ոչ թե հրեաները, այլ Իսրայելն է ատելության առարկան ամերիկյան հասարակությունում: Օդեսայից ու Բաքվից ԱՄՆ տեղափոխված իմ հրեա բարեկամները, որոնք 20 տարվա ընթացքում հրաշալի կարիերա են արել Ամերիկայում, պնդում են, որ «հրեական հպարտության» պիկն անցել է, եւ վերադարձել է «արժեքների» պատրանքներին հրաժեշտ տալու ժամանակը:
«Միայն ռուսական եւ արեւելաեվրոպական մշակույթը կարող են փրկել հրեա ժողովրդին, սակայն մենք դա հասկացել ենք չափազանց ուշ»: Խորաթափանց դիտորդները պնդում են, որ այս ժամանակաշրջանը սկսել է ոչ թե Օբամայից, այլ Բուշի վարչակազմից, թեեւ հենց այդ կազմակերպությունն իր նեոկոնսերվատիվ գործիչներով առավելագույնս հրեական էր:
Քարը տեղից շարժել են, եւ այն սկսել է գլորվել, եւ դա հնարավոր չէ կանգնեցնել: Եւ այնուամենայնիվ, որո՞նք են պատճառները: Պատճառը պարզ է ու ակնհայտ՝ անվտանգության ապահովման առաջնահերթությունների պայմաններում ոչ ոք չի ուզում լսել դեմոկրատական արժեքների մասին: Իսրայելի շահերի պաշտպանությունը դադարել է լինել ԱՄՆ եւ առավել եւս Արեւմտյան Եվրոպայի քաղաքականության «անձեռնմխելի պոստուլատ», որտեղից ավելի շատ հրեա է հեռացել, քան Արեւելյան Եվրոպայից: Օրինակ, վերջին 25 տարիներին Մեծ Բրիտանիայի հրեաների թիվը 700 հազարից կրճատվել է մինչեւ 250 հազար:
Հակասեմիտիզմի «դասական» երկիրը՝ Մեծ Բրիտանիան, ավարտել է սեփական «Բալֆուր» նախագիծը եւ վերջնականապես հաշվից դուրս թողել Իսրայելը: Դա կարեւոր նշան է այն բանի, ինչն այնքան բարձրագոչ անվանվում էր «արեւմտյան արժեքներ»:
Որքան էլ տարօրինակ է, ամերիկյան քրիստոնեական արմատականությունը մնում է ԱՄՆ-ում Իսրայելի շահերի վերջին հանգրվանը: Խոսքն, իհարկե, հրեաների եւ հակասեմիտիզմի մասին չէ, ոչ էլ նույնիսկ ռասիզմի: Միջազգային հանրությունն ընտրել է շատ կոնկրետ շահեր, այսինքն՝ լիբերալ-դեմոկրատական արժեքների դարաշրջանն անցել է, եւ վերադարձել լավագույն դեպքում 19-րդ դար, սարսափների նախերգանքներով:
Նրանք, ովքեր փորձում են համատեղել Ատլանտիկան եւ Եվրասիան, բախվում են այն իրականությանը, որ Ռուսաստանն ունի նույն խնդիրները, ինչ Արեւմուտքը, եւ որոշակի փուլում, այնուամենայնիվ, կընդունի Արեւմուտքի կոնսոլիդացված դոկտրինը:
Արեւմուտքի որոշակի պետություններ փորձում են թույլ չտալ Ատլանտիկայի եւ Եվրասիայի համերաշխությունը, սակայն նրանք էլ ոչ ուժ, ոչ իրական հավակնություններ չունեն վարելու այդ քաղաքականությունը: «Համաշխարհային հանրության առաջնորդները շփոթված են, նրանց քաղաքականությունը երերուն է, եւ գլխավորը՝ պնդել սեփականը»: