«ՔԿՀ-ներում կալանքի տակ գտնվողների կյանքը վտանգված է, այնտեղ պոտենցիալ զոհեր կան, առողջական խնդիրներով կալանավորներ և դատապարտյալներ»,- ասաց փաստաբան Մուշեղ Շուշանյանն ու հավելեց, որ նրանց բուժօգնության տրամադրումը պայմանավորված է ՔԿՀ-ի ցանկությունից: «Սա համակարգային խնդիր է և այստեղ ոչ թե ՔԿՀ-ի բուժանձնակազմի պատասխանատվության հարցն է, այլ պետության մոտեցման հարցը»,- նշեց փաստաբանը:
Գործարար Բարեղամ Պետրոսյանը, ով հայտնի է որպես Բորիս Պետրոսյան անվամբ, 2012թ. հուլիսից գտնվում է կալանքի տակ, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածով: Վերջինս առողջական լուրջ խնդիրներ ունի և շնչառական սարքի միջոցով է շնչում:
Փաստաբան Շուշանյանը կալանավորի գործից տեղյակ լինելով հավաստեց, որ կալանքի վերցնելու պահից հետո մինչ հիմա քննիչն ընդամենը 1 անգամ է այցելել կալանավորին և ըստ էության նրա հետ կապված որևէ քննչական գործողություն չի կատարվում, սակայն Բարեղամ Պետրոսյանը շարունակում է մնալ կալանքի տակ:
«Եթե այդպիսի խնդիրներին պետությունը որևէ լուծում չտա, վստահաբար զոհերը շարունակվելու են»,- ընդգծեց փաստաբանը:
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի
Հեղինակ:
«Փաստինֆո»