Lragir.am. Բոլոր ընտրությունները հետեւում են, եւ Սերժ Սարգսյանը կարող է անցնել իր համար ամենակնճռոտ խնդիրների լուծմանը: Առաջին հերթին՝ իր նախորդների՝ Ռոբերտ Քոչարյանի ու Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցը: Դա կարելի է անել նրանց կուսակցությունները՝ ԲՀԿ-ին եւ ՀԱԿ-ին կոալիցիա հրավիրելով ու մեծ «խաղաղարար» եւ «նախագահական եռապետության» հայր դառնալով:
Սակայն դա ամենակնճռոտ Խնդիրը չէ՝ կա երկու հարց, որոնց դեպքում Սերժ Սարգսյանին հարկ կլինի երկար «չարչարվել»: Առաջինը գազի թանկացումն է: Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյանը, օրինակ, արդարացնելով Ղարաբաղի որոշ գյուղերում գազաֆիկացման դադարեցումը, ասել է, որ շուտով գազը միեւնույն է թանկանալու է 40 %-ով: Եվ ավելի լավ է փոքր ՀԷԿ-եր կառուցել կամ էլ փայտ կուտակել անտառից:
Հայտնի չէ, թե ինչպես է Սերժ Սարգսյանն արդարացնելու թանկացումը, սակայն ակնհայտ է, որ թանկացումը սոցիալական բողոքի հզոր ալիք կառաջացնի:
Երկրորդ կնճռոտ հարցը Սյունիքի արոտավայրերն են: Մինչ այժմ Սերժ Սարգսյանը, ում արմատները նույնպես Զանգեզուրից են, այդպես էլ չի արտահայտվել արդեն կնքված համաձայնագրի առթիվ, որով Սյունիքի արոտավայրերը վարձով կտրվեն իրանական ոչխարներին: Այն, որ համաձայնության առկայությունը չի հերքվում, վկայում է, որ այն գոյություն ունի, եւ պարզապես հարմար պահի են սպասում, որպեսզի բացատրեն հասարակությանը:
Հնարավոր է, գազի թանկացման ու Սյունիքի հողերի փոխանցման մասին կհայտարարեն ուրբաթ երեկոյան, որպեսզի բողոքի ալիքը մինչեւ երկուշաբթի թուլանա: Բոլոր կարեւոր որոշումները հանրությանը տեղեկացնում են ուրբաթ երեկոյան:
Ասենք, Երեւանու ավագանու խայտառակ ընտրություններից հետո, որտեղ հաղթանակ տարան ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն՝ առանց երկնչելու ոտնատակ տալով ժողովրդի արժանապատվությունը, հազիվ թե այդ կուսակցությունների համար «անհարմար» լինի գազի թանկացման կամ Սյունիքի հողերը վարձով տալու մասին հայտարարելը: Ցինիզմի սահմանն արդեն անցել են:
Այս երկու հարցերը թողնվել էին «ընտրություններից հետո», որովհետեւ հանրային բողոքի մեծ ներուժ են պարունակում իրենց մեջ: Սակայն այժմ էլ իշխանություններին չի հաջողվի հեշտությամբ դրանք պարտադրել հանրությանը: Երկրում կազմակերպված բողոքի հզոր օջախներ են ձեւավորվում: Սակայն ամենագլխավորն այն է, որ գյուղաբնակները սկսել են անդունդը գլորել խողովակները, որոնցով պետք է կառուցեին գյուղի համար անպետք ՀԷԿ-ը:
Եվ եթե ոչխարները ամեն դեպքում հայտնվեն Սյունիքում, չի բացառվում, որ քանի դեռ քաղաքականությունը քնած է, դրանց գլխաքանակը կպակասի:

Նաիրա Հայրումյան