Galatv.am. Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր երեկոյան տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ նիստ, որի ընթացքում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի առաջարկությամբ եւ հանրապետականների միաձայն որոշմամբ, կառավարության կազմում տեղի ունեցան որոշ փոփոխություններ: Նիստի ավարտից հետո գործադիր մարմնի անդամների մեծ մասը կուսակցության գրասենյակը լքում էր հակառակ կողմից՝ լրագրողների հարցերից խուսափելու համար: Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն, այնուամենայնիվ, պատասխանեց լրագրողների որոշ հարցերի:
«Այո, ուրախ եմ, որ իմ սկսած գործերը կշարունակեմ»,- ասել է նախարարը՝ պատասխանելով այն հարցին, թե ուրա՞խ եք, որ վերանշանակվեցիք:
Նա հայտնել է, որ շատ անելիքներ ունի իրականացնելու առողջապահության ոլորտում: Դերենիկ Դումանյանը չի ցանկացել մեկնաբանել այն հարցը, թե ինչո՞վ էր պայմանավորված այն հանգամանքը, որ գործադիրի հիմնականում տնտեսական հատվածը գլխավորող ղեկավարները պաշտոնազրկվեցին: «Այդ հարցերը ուղղեք վարչապետին, լա՞վ»,-ասել է նախարարը:
Դուք լա՞վ եք աշխատել, որ վերանշանակվեցիք նախարարի պաշտոնում հարցին, Դերենիկ Դումանյանը տվել է հետեւյալ պատասխանը.«Այդ հարցերը ուղղեք այն մարդկանց, որոնք իրավասու են պատասխանել: Ես իրավասու չեմ: Ես իմ ենթակայության բոլոր աշխատողներին նշանակելու, ազատելու մասին լիարժեք ձեզ կպատասխանեմ, բայց խոսքը երբ որ ինձ է վերաբերում, այդ որոշող մարմինը կուսակցության խորհուրդն է, կուսակցության գործադիր մարմինն է, եւ կարծեմ մեր մամլո քարտուղարը ձեր հարցերին սպառիչ պատասխանել է»:
Դերենիկ Դումանյանը վստահեցրել է, որ առողջապահության ոլորտում «ատկատներ» ընդհանրապես չկան:
Փայլակ Ֆահրադյան