Tert.am. Բուլղարիայի իրավապահ մարմինները Սոֆիայի շրջանի Կոստինբրոդ քաղաքի տպագրատանը հայտնաբերել են 350 հազ. կեղծ քվեաթերթիկներ, որոնք նախատեսված էին մայիսի 12-ի կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում քվեարկելու համար, հայտնում է ИТАР-ТАСС-ը: Այս գործով Սոֆիայի դատախազությունը մինչդատական գործընթաց է սկսել:
Ինչպես հաղորդվում է, տպագրատան սեփականտեր է հանդիսանում Կոստինբրոդի քաղաքապետարանի աշխատակից Իորդան Բոնչևը, ով «Քաղաքացիները հանուն Բուղարիայի եվրոպական զարգացման» կուսակցության անդամ է:
Կեղծ քվեաթերթիկների առգրավման գործընթացը, որին մասնակցել են Ազգային անվտանգության պետական ծառայության և դատախազության աշխատակիցներ, ոստիկանները սկսել են մայիսի 10-ին:
Ինչպես տեղեկացնում են տեղի դիտորդները, նման միջադեպ առաջին անգամ է տեղի ունենում այս երկրի ժամանակակից պատմության ընթացքում: «Կեղծ քվեաթերթիկների հայտնաբերված քանակը հավասար է ընտրություններում կիրառվող քվեաթերթիկների 10 տոկոսին, այսինքն՝ շուրջ 25 պատգամավորական մանդատի խորհրդարանում», - այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է Բուլղարիայի սոցիալիստական կուսակցության նախագահ Սերգեյ Ստանիշեն: