Ազատամարտիկ Կարապետ Նուրիջանյանը, ֆեյսբուքյան իր էջում այսպիսի մի գրառում էր թողել. «Իմացա, որ մեր ազատամարտիկներից մեկին՝ Ռեմբոյին, ով պատերազմի ժամանակ ավտոմատով ինքնաթիռ է գցել ու այդպես հայտնի դարձել, անարգել են: Ու դա արել է գեներալ Մանվելը, ում հղփացածության մասին լեգենդներ են հյուսվում:
Իմանալով, որ Ռեմբոն՝ Սեպուհ Ստեփանյանը, նստացույց անող ազատամարտիկի կողքին է, Մանվելն ուղարկում է իր թիկնազորի պետին՝ Էջմիածնում հայտնի Նհոյին, ու նա լկտիաբար ազատամարտիկի կրծքից պոկում է ազատամարտիկին տրված «5-րդ բրիգադ» հուշամեդալը, որը խաչի տեսք ունի, ու ասում, որ նա արժանի չի դա կրելու»:
Այժմ ներկայացնում ենք ԳԱԼԱ-ի հարցազրույցը ազատամարտիկ Սեպուհ Ստեփանյանի (Ռեմբո) հետ, ով, ի դեպ, Սերժ Սարգսյանի մարտական ընկերն է և Ոսկեպարում կռվել է անմիջապես Սերժ Սարգսյանի կողքին:
ԳԱԼԱ-ի հարցին, թե «Պարո՛ն Ստեփանյան, որքանո՞վ է տեղեկությունը համապատասխանում իրականությանը, որ Ձեր կրծքից պոկել են շքանշանը, և դա արել է էջմիածնեցի Նհո անունով հայտնի մեկը, ով ըստ լուրերի՝ ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի մտերիմներից է», ազատամարտիկը պատասխանեց.
«Նհոն իմ հորաքրոջ տղան է, մեր մեջ խոսակցություն է եղել, բայց ո՞նց կարող էր նման բան լիներ, ոնց էր հնարավոր, որ նա գար և իմ կրծքից պոկեր այդ նշանը: Ուղղակի ես ջղայնացել եմ, հանել գցել եմ:
Պատճառը մեր միջի խոսակցությունն է, ես ու իմ հորաքրոջ տղան վիճել ենք»:
Սեպուհ Ստեփանյանն ասաց, որ նա այսօր մասնակցել է ազատամարտիկների բողոքի երթին, իսկ անցած երկու օրը՝ նստացույցին: Մեր այն հարցին, թե իր բարեկամի կողմից ներքին հրահանգ կամ խնդրանք արդյոք եղել է՝ չմասնակցելու բողոքի միջոցառումներին, նա պատասխանեց. «Այո, այո. բաներ եղել է, իհարկե եղել է: Կարող է և գեներալը իսկի դրանից կուրսի էլ չէ:
Ես 8 տղու պապիկ եմ, 8 տղա թոռնիկ պիտի պահեմ այս երկրի համար, պահում, փայփայում մեծացնում, մեր հոգով դաստիարակում ենք, որ երկրի զինվոր դառնան, բայց ինձ տալիս են 46 հազար դրամ թոշակ: Գնում եմ՝ ինձ մի հատ սանդալ եմ առնում, մի տուփ էլ սիգարետ ու կես կգ պեչենի, ֆսյո, փողս վերջանում է. դատարկ գալիս եմ տուն: Էդ 8 տղերքին դպրոց են ճանապարհում, ես, որպես պատերազմում կռված պապ, 50 դրամ չեմ կարող տալ, թե ձեզ բուլկի առեք, բա չբողոքե՞մ»,- ասաց նա:
Ապա Սեպուհ Ստեփանյանն ասաց, որ ազատամարտիկներով սպասում են վարչապետին հասցեագրած նամակի պատասխանին, որից հետո կորոշեն իրենց անելիքը: Նա անդրադարձավ նաև այսօր «Արմենիա» Բ/Կ-ում ոտքը անդամահատած ազատամարտիկ Վարդան Ամիրջանյանի այն հայտարարությանը, որ հրաժարվում է բոլոր իր պարգևներից, և ասաց, որ ինքը կողմ է, և
շատ հնարավոր է, որ հետևի մարտական ընկերոջը և շպրտի բոլոր շքանշաններն ու պարգևները:
«...Ոնց մեկը, ընենց բոլորս, կորոշենք և կանենք: Մենք մեր տղաներով միշտ պիտի միասին լինենք:
Եթե էդ շքանշանները տվել եք ու մեզ չեք նայում, մեզ անտերության եք մատնում, բա ինձ ինչի՞ են պետք... ես էլ Վարդանի պես կանեմ, բոլորովին էլ ինձ պետք չեն էդ շքանշանները, որ թոռնիկներս մի օր սոված, մի օր ծարավ պիտի մեծանան: Ինձ պետք չեն էդ շքանշանները, որ օրը մեկ կանչում շքանշան են տալիս: Տանեմ էդ 8 տղերքից ո՞ր մեկը ուտի, շքանշանը ուտելո՞ւ է, հա՞»,- ասաց ազատամարտիկը:
Ի դեպ Սեպուհ Ստեփանյանը անմիջապես Սերժ Սարգսյանի մարտական ընկերն է, նա ծառայել է Սերժ Սարգսյանի կողքին, բայց նամակներ է հասցեագրել մարտական ընկերոջը ու մնացել է անպատասխան.
«Մեր նախագահը իմ մարտական ընկերն է, մենք միասին Ոսկեպարում ենք եղել, ես եղել եմ նախագահի հետ, անմիջապես նրան 2 անգամ նամակ եմ գրել և գրել եմ՝ «Պարոն նախագահ, գրում եմ քեզ ոչ թե որպես երկրիս նախագահի, այլ պարզապես քո մարտական ընկեր, նեղն եմ և 8 տղա եմ տալու հայրենիքին....», բայց հլը որ որևէ պատասխան չկա: Ապրում եմ վթարային տան մեջ, անձրևը գալիս է՝ երեխեքը պախկվում են, վեդրոները շարվում, և ոնց գնացել ենք պատերազմ հետ եկել, մնում է, ոչ մի բան չենք կարող սարքել, ոչ էլ ապրել ենք կարող, տարրական ոչ պայման, բան չկա»,- ասաց Սեպուհ Ստեփանյանը:
Քրիստինա Մկրտչյան
Լուսանկարը՝ Haynews-ի