Այսօր Վարչական դատարանում քննվեց «Բարեւ երեւան» դաշինքի վստահված անձ Զարուհի Փոստանջյանի հայցը՝ ընդդեմ ԿԸՀ-ի: Տիկին Փոստանջյանը պահանջում է չեղյալ համարել ԿԸՀ-ի այն որոշումը, որով հանձնաժողովը մերժեց իր դիմումը քննարկման առարկա դարձնել ու վարչական վարույթ չհարուցեց: Նա պահանջում է պարտավորեցնել ԿԸՀ-ին վարչական վարույթ հարուցել իր դիմումի համաձայն: ԿԸՀ լիազոր ներկայացուցիչ Նունե Հովհաննիսյանը տիկին Փոստանջյանին խնդրեց մատնանշել ԸՕ այն հոդվածը, որով ԿԸՀ-ն իրավասու էր քննել տեղամասային ընտրական հանձնաժողովների որոշումները, գործողությունները:
Տիկին Փոստանջյանն էլ ասաց, որ ԸՕ-ի համաձայն, ԿԸՀ-ն պատասխանատվություն է կրում ընտրությունների նախապատրաստման եւ ամբողջ ընթացքի համար. «Ինքը, իր ահազանգն ունենալով, իմ բողոքի հիման վրա կամ իր նախաձեռնությամբ, պարտավոր էր վարչական վարույթ հարուցել եւ պատասխանատվության կանչել այն անձանց, որոնք խոչընդոտում էին իմ իրավունքը՝ որպես վստահված անձ»: Տիկին Հովհաննիսյանը Փոստանջյանին նաեւ խնդրեց նշել իր դիմումով ներկայացված պահանջը: «Ես ներկայացրել ու բարձրաձայնել եմ՝ պետք է վերացվեն խախտումները»,-պատասխանեց տիկին Փոստանջյանը: Տիկին Հովհաննիսյանն էլ հարցրեց. «Դուք կարո՞ղ եք ձեր ասածը մատնանշել ձեր դիմումում, տա՞մ դիմումը մի հատ ցույց տաք»: Այս մասին գրում է aravot.am-ը:
Տիկին Փոստանջյանն էլ հակադարձեց. «Այստեղ պարոն Մուկուչյանի դերակատարությունը մի ստանձնեք: Նորից եմ կրկնում՝ ներկայացրել եմ դիմում ԿԸՀ-ին, նույնիսկ եթե իմ պահանջը հստակ սահմանված չլիներ, դուք իրավունք չունեք չարաշահեք ձեր լիազորությունները եւ մեջբերեք, իբրեւ թե իմ դիմումը պահանջ չի ունեցել: Իմ դիմումն ունեցել է բողոք, պահանջ»: Տիկին Հովհաննիսյանի մյուս հարցին, թե ըստ ձեր հայցադիմումի, ԿԸՀ ո՞ր որոշմամբ կամ գործողությամբ է խախտվել վարչական վարույթի մասին օրենքի երրորդ հոդվածի դրույթները, տիկին Փոստանջյանն ասաց. «Հստակ գրված է, կարդացեք հայցադիմումը, եթե չեք հասկանում, ապա…»: Միջամտեց դատավոր Կարինե Բաղդասարյանը, կոչ արեց կոռեկտ պահել: Տիկին Հովհաննիսյանը նաեւ հետաքրքրվեց, թե ԿԸՀ-ն տեղամասերում կարո՞ղ է կազմակերպել քվեարկություն եւ ամփոփել քվեարկության արդյունքները, տիկին Փոստանջյանը խորհուրդ տվեց այդ հարցը ուղղել պարոն Մուկուչյանին:
ԿԸՀ ներկայացուցչի մյուս բոլոր հարցերին, տիկին Փոստանջյանն ասաց՝ կարիք չի տեսնում այդ հարցերին պատասխանել ու խորհուրդ տվեց բացել ընտրական օրենսգիրքը ու առաջին հոդվածից սկսած մինչեւ վերջին հոդվածը ընթերցել ու կստանա հարցի պատասխանը: ԿԸՀ ներկայացուցիչը շարունակեց պնդել, որ ԿԸՀ-ն անհիմն է համարում հայցը, չկա հստակ ձեւակերպված պահանջ ու խնդրում է մերժել: Վճիռը կհրապարակվի վաղը չէ մյուս օրը: Նիստի ավարտից հետո էլ Փոստանջյանի եւ Ն. Հովհաննիսյանի տարաձայնություններն ու «լեզվակռիվը» չավարտվեց, այն շարունակվեց դատարանի դահլիճից դուրս:
Արփինե Սիմոնյան