Lragir.am. Վարչապետ Տիգրան Սարգսյանը սենսացիոն հայտարարություն է արել: Նա նշել է, որ Հայաստանը սկսում է միջազգային պարտատոմսերի թողարկում: Ընդ որում, նա նկատել է, որ դա թույլ կտա Հայաստանին վճարել Ռուսաստանի պարտքը:
Այս հայտարարությունը խոսում է երկրի տնտեսական կողմնորոշման արմատական փոփոխության մասին:
Պարտատոմսերի թողարկումը կարող է դրական դեր խաղալ այն առումով, որ Հայաստանը կդարձնի համաշխարահին շուկայի մաս, իսկ դա իր հերթին կկրճատի տեղական օլիգարխների ու մոնոպոլիստների ազդեցությունը երկրում:
Այժմ Հայաստանում արժույթի փոխարժեքը, թանկարժեք մետաղների ու սննդամթերքի գները որոշվում են բացառապես տեղական փողատերերի կողմից: Բաց շուկա դուրս գալով՝ արդեն դժվար կլինի զսպել դրամի բարձր փոխարժեքը, իսկ դա նշանակում է, որ արտահանելն ավելի եկամտնաբեր կլինի, քան ներմուծելը:
Սակայն դա կարող է նաեւ բացասական դեր խաղալ: Առաջին հերթին, Հայաստանի պետական պարտատոմսերի գնումը նշանակում է, որ երկիրը կարող է էլ ավելի խորը պարտքային փոսի մեջ հայտնվել: Առանց այդ էլ մեր պարտքը հասնում է գրեթե ՀՆԱ կեսին, եւ կարող է պարզվել, որ Հայաստանի պետպարտքը ձեռք է բերել, օրինակ, Թուրքիան:
Եվս մեկ հանգամանք: Հայաստանը մտադիր է նախեւառաջ վճարել Ռուսաստանի պարտքը, իսկ դա նշանակում է, որ Երեւանը ցանկանում է փակել Մոսկվայի հետ պարտքային հարաբերությունները, որպեսզի թեթեւ սրտով Եվրոպա գնա: Այդ մասին է վկայում նաեւ այն, որ Հայաստանը համաձայնվել է բարձրացնել ռուսական գազի գինը, ինչը նշանակում է, որ Երեւանը քաղաքական զիջումների չի գնացել Ռուսաստանին, իսկ Արեւմուտքը կօգնի Հայաստանին հաղթահարել թանկությունը, հնարավոր է, միջազգային շուկա պետական պարտատմոսեր մտցնելով:
Սակայն մեկ այլ հանգամանք էլ կա: Հայաստանի կտրուկ մուտքը միջազգային շուկա կարող է տուրբուլենտ էֆեկտ ունենալ, երբ երկիրը կկորցնի վերահսկողությունը, եւ ազատականացված տնտեսությունը կհայտնվի օտարի ձեռքերում: Օրինակ, հանքարդյդունաբերությունը կկիսեն բրիտանացիներն ու գերմանացիները, ավիափոխադրումները՝ ամերիկացիներն ու արաբները, բանկերը՝ բրիտանացիներն ու ֆրանսիացիները եւ այլն:
Հայաստանի տնտեսական մեկուսացումն, անկասկած, երկրի դեմ է խաղում՝ պաշարված ամրոցի էֆեկտ ստեղծելով: Վաղ թե ուշ Հայաստանին հարկ կլինի «բացվել», սակայն վարչապետ Տիգրան Սարգսյանը պետք է երաշխիքներ ներկայացնի, որ մենք չենք կորցնի տնտեսության ազգային ոլորտները:
Օրինակ, նշվում է, որ Արմավիայի սնանկացումը կարող է հանգեցնել ազգային ավիացիայի վերացման: Հանքարդյունահանման ազատականացումը կարող է հանգեցնել նրան, որ Հայաստանը կկորցնի ընդերքի նկատմամբ վերահսկողությունը:
Հավանական է, Հայաստանը պետք է քննարկի ու օրենք ընդունի, որը գործում է արաբական ու այլ բազմաթիվ երկրներում: Այն նախատեսում է արտասահմանյան ձեռնարկությունների բացում միայն տվյալ երկրի քաղաքացիների հետ համատեղ:
Բացի այդ, պետությունը պետք է կազմի այն ճյուղերի, ձեռնարկությունների ու ռեսուրսների ցանկը, որոնք ազգային բարիք են համարվում: Պետք է պետական քվոտա սահմանել այդ ճյուղերի ու ռեսուրսների օգտագործման վրա: Հակառակ դեպքում, վարչապետի սենսացիան կդառնա Հայաստանի անկախության աղետի սկիզբը:

Նաիրա Հայրումյան