Ինչ բովանդակությամբ հայտարարություն կանի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ինչպես են կուսակցության ներկայացուցիչները արձագանքում քաղաքական որոշ ուժերի՝ ԲՀԿ-ի հասցեին տրված գնահատականներին, ինչպես նաև՝ թե ինչ ձևով է ԲՀԿ-ն քվեարկելու կառավարության ծրագրին և գազի գնի բարձրացումը ինչ հետևանքներ կարող է ունենալ: Այս հարցերի շուրջ ԳԱԼԱ-ի լրագրողը զրուցել է ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանի հետ:
-Պարոն Ուրիխանյան, ինչպե՞ս կմեկնաբանեք ԲՀԿ առաջնորդի հայտարարությունը, և արդյոք այդ հայտարարությունը անսպասելի էր:
-Բարգավաճ Հայաստան կուսակցության գործողությունների, իրականում իրականացված քայլերի շրջանակներում էլ պետք է ձևակերպումներ տալ մեր գործողություններին, մեր կուսակցությանը: Ես միշտ ասել եմ, առաջին իսկ օրվանից, երբ որ տարատեսակ շահարկումներ տեղի ունեցան մեր գործունեության ձևակերպման շուրջ, թող մարդիկ տեսնեն մեր քայլերը, ինչպես են բարձրացվում խնդիրները, ինչպես են դրանք հանվում այն հարթակներ, որտեղ ներկայացված է ԲՀԿ-ն պետական կառավարման համակարգում' առնվազն խորհրդարանում, որ մարդիկ տեսնեն, թե ինչպես են ալտերնատիվ լուծումներ առաջարկում տարբեր տեսակի քաղաքական, պետական, իրավական, սոցիալական խնդիրների համար, և իրենք էլ տան այդ ձևակերպումը: Ինչպես որ ԲՀԿ-ն եղել է՝ իր սեփական մոտեցումները առաջ քաշող, ժողովրդին, համերկրացիներիս հուզող պրոբլեմները առաջ քաշող, նաև պահանջող, պարտադրող ու վերահսկող մեզ տրված լիազորությունների շրջանակներում, այդպես էլ շարունակելու է: Որևէ բան չի փոխվել, թող ջուրը պղտորող, այնուհետև պղտոր ջրում իրենց համար որևէ պիտանի բան որսալու ցանկություն ունեցող մարդիկ չփորձեն ինչ-որ իրադարձություններ, կամ ինչ-որ խոսքեր ձևակերպել, փոխակերպել, հանել կոնտեքստից, կամ սեփական ցանկությունների ներքո մատուցել: Մեր անելիքը որևէ կերպ չի փոխվել և չի փոխվելու, այսինքն՝ եթե ասվում է ինչ-որ մի բան, որի տակ դրված է համապատասխան միտք, մարդիկ վերցնում են ձևափոխում են միտքը ու ներկայացնում են իրենց շահերից ելնելով, ապա եզրակացությունները թողնում եմ ժողովրդին: ԲՀԿ-ն անելու է այն, ինչ արել է, հակադրվելու է ՀՀ, ՀՀ բնակչության շահերից չբխող ցանկացած գործողության ու դրանց իրականացնողների:
-ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ ԲՀԿ առաջնորդի հայտարարությունը սառը ցնցուղ էր ԲՀԿ որոշ գործիչների համար: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հայտարարությունը:
-Անկեղծ ասած ոչ կոմպետենտություն, ոչ ցանկություն չունեմ մեկնաբանելու: Հետևաբար այդ հարցը պետք է ուղղեք իրեն: Մեզ համար կարևոր է, որպեսզի ՀՀ քաղաքացին տեսնի ԲՀԿ-ի քվեարկությունները, նախագծերը, նախաձեռնությունները, գործողությունները քաղաքական և այլ իրադարձություններին, դրանից բխող և՛ եզրակացություններով, և՛ ձևակերպումներով: Որևէ այլ բան մեզ պետք չէ հրամցնել:
-Ժառանգություն կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի գնահատմամբ ԲՀԿ-ին ընդդիմություն ցանկանում էր «սարքել» ՀԱԿ-ը: Ձեր գնահատականը ինչպիսի՞ն է:
-Նորից ուզում եմ ասել, մեր գործողություններով թող դատեն և թող մեր գործողություններից էլ եզրակացություն կազմեն: Չէ՞ որ մեր բոլոր քայլերը խորհրդարանում աշխատելիս, հրապարակային գործողության ժամանակ ոչ մի կերպ չեն հակասել մեր հայտարարություններին, մեր արածին:
-Քննարկվե՞լ է արդյոք, թե ինչպես է ԲՀԿ-ն քվեարկելու կառավարության ծրագրին:
-Այս պահի դրությամբ ես դեռ չունեմ Ձեզ հայտնելու ինֆորմացիա, առաջիկա օրերին կարծում եմ կունենամ:
-Գազի գնի բարձրացումը չի՞ հանգեցնի արդյոք սոցիալական նոր լարվածության:
-Բնականաբար այսպիսի ծանրագույն վիճակում նման հարված ոչ միայն լայն սպառման առաջին անհրաժեշտության ապրանքների ու ծառայությունների առնչությամբ, այլև ուղղակիորեն գազի սպառողի նկատմամբ ես չեմ պատկերացնում, թե ինչ հաշվարկով կարելի է թույլատրել: Տեսնենք, թե ինչ սակագին կսահմանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, և տեսնենք, թե ինչ սուբսիդավորման մասին է խոսելու կառավարությունը: Միշտ չէ, որ սուբսիդավորումը հասցեագրված է, միշտ չէ, որ ինչ-որ ֆիզիկական անձիք, ձեռնարկություններ սուբսիդավորելու արդյունքում վերջնական ապրանք, արտադրանք են մատուցում պահպանված սակագներով: Բայց ինչ էլ որ տեղի ունենա, ցանկացած աստիճանի թանկացում, այն էլ այդ չափերի, բնականաբար լրջագույն հարված է: Ես, մեր թիմակիցները ակնկալում ենք հիմնավորումներ, հաշվարկներ, այդ իրադարձությանը դիմագրավելու վերաբերյալ ինչ-որ պատասխաններ:
Հարցազրույցը՝ Փայլակ Ֆահրադյանի