Երկու օր առաջ Նոյեմբերյանում գտնվող ՊՆ N զորամասում ծառայակցի արձակած գնդակից զոհված Մարտունիի Վերին Գետաշեն գյուղի բնակիչ, 1994թ. ծնված զինծառայող Լյուքս Ստեփանյանի հայրը, որոշել է ի նշան որդու հետ կատարվածի դեմ բողոքի որդու դին դագաղով բերել Երևան և բողոքի միջոցառում անցկացնել Կառավարության շենքի դիմաց։
Tert.am–ի հետ զրույցում զոհված զինծառայողի հարազատները, մասնավորապես, նշեցին, որ իրենց զայրույթի առիթն այն է, որ իրենք տեղեկություններ ունեն, որ իրենց որդին նշված միջադեպում մեղք չի ունեցել։
Նրանք արդեն դուրս են եկել Մարտունուց և շարժվում են դեպի Երևան։
Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղակայված զորամասում՝ մայիսի 15-ին: Ժամկետային զինծառայողներից մեկը զորամասի ծխարանում կրակ էր բացել, ինչի հետևանքով ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանը զոհվել էր:
Այդ կրակոցներից ծանր վիրավորվել էր նաև ժամկետային զինծառայող, Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի բնակիչ, 1994թ. ծնված Հ. Սարգսյանը: Վերջինս ժամը 16-ի սահմաններում գլխի հրազենային վնասվածքով տեղափոխվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն, որտեղից էլ ժամը 20-ին՝ Երևանի զինվորական հոսպիտալ: