Ազգային բանակում տեղի ունեցած ահավոր և անընդունելի իրադարձությունը՝ զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանությունը նմանօրինակ առաջին դեպքը չէր, բայց տեղի ունեցածին հաջորդած մի տեսակ անօգնական ու հուսահատ իրարանցումը վկայությունն էր մեկ բանի՝ սա այլևս գուժկան ահազանգ է…
Հարցը շարունակական կերպով առկախ է՝ ինչու, ինչու պիտի հայ զինվորների միջև անհեթեթ մի վիճաբանությունն ավարտվի սպանությամբ… Ծեծկռտուքը նվազագույնն է: Հակված չեմ կարծելու, թե այս երևույթի պատճառահետևանքային կապերը հենց բանակ են տանում, բայց որ տվյալ օղակում վերահսկողությունն այն չի եղել, հաստատ է:
Ցավալի փաստ է, որ մեր հասարակության մեջ գոյություն ունեցող և օրեցօր ավելի ահագնացող անհանդուրժողականության, չարացածության, սադիզմի և վանդալության հասնող դրսևորումներն ու արարքները գնալով խորանում են: Ինչու՞ են հայ երիտասարդ տղաները, մեր զինվորիկները զենքի դիմում՝ միմյանց հետ հարաբերություններ պարզելիս: Ընդ որում, որպես կանոն պարզելու բան էլ առանձնապես չի լինում՝ մեկը մեկին խեթ նայեց, բարև չտվեց, <>, <> ասաց՝ արդեն կռվի, ծեծկռտուքի, ընդհարման նախադեպ է: Նման դեպքերում զրոյական է դարձել խոսքի ուժը, հաշտարարների ներկայությունը: Ինչու՞: Պատասխանը մեկն է՝մարդկային խոսքով, բառերով, պարզաբանումներով ու բացատրություններով նրանք չեն կարողանում հարաբերվել:
Հայ զինվորը զենքը կրում է հայրենի երկրի սահմանները պաշտպանելու, թշնամուն անհրաժեշտ հակահարված տալու համար, բայց ստացվում է, որ ամեն անհեթեթ առիթով ձեռքը զենքին է տանում: Այնքան հեշտ, այնքան անվարան, այնքան դաժանորեն: Հայաստանի հանրապետությունը մահապատիժ չի կիրառում անգամ ամենածանր հանցագործի հանդեպ: Այսինքն, սպանություն կատարած հանցագործին մեր արդարադատությունը Աստծո պարգևած կյանքից չի զրկում, բայց հայ զինվորը՝ 18-20 տարեկան, անհեթեթ ու հիմար մի պատճառով սպանում է իր հայրենակցին, ընկերոջը, ծառայակցին: Սա ընդամենը հանցագործություն չէ, սա ահազանգ է, որ հուշում է մեր հասարակության խորը արատների մասին: Իսկ պատասխանատու ինստիտուտները, ատյաններն անզոր են կանխել <> առաջնորդվող-ապրող երիտասարդ սերնդի ինքնակերությունը:
Ով է մեղավոր՝ ընտանի՞քը, դպրո՞ցը, բանա՞կը, բու՞հը: Մեղավոր ենք բոլորս՝ընտանիքից և դպրոցից սկսած՝ պետական- հասարակական ինստիտուցիոնալ կառույցներով վերջացրած:
Մեղավոր ենք, որովհետև նորանկախ պատմության շրջափուլում ընդամենը տարիներ ենք գլորում՝ անգաղափար, մտացրիվ, առանց ապագայի հստակ պատկերացում և տեսիլք ունենալու: Փառավոր անցյալի մասին ճամարտակելու և կենացներով ապրելու ժամանակը վաղուց անցել է: Այդ անցյալի և ներկայի լավագույն դրվագներով, հայրենիքի փառքերը փոխանցելով, այն ճանաչելով և սիրելով պիտի ապրեինք և նոր սերնդին սովորեցներինք ապրել, ինչը չենք կարողացել անել դեռևա:
Հայաստանի Հանրապետության ազգային հայեցակարգը ո՞րն է, ո՞րն է մեր պետության գերնպատակը, նպատակները, ի՞նչ գաղափարների շուրջ է մեր ազգային պետությունն իր քաղաքացիներին համախմբում: Ի վերջո, որն է մեր պետության տեսլականը՝ այս հարցերի պատասխանները կստակ չունենալնու ու եկող սերնդին չփոխանցելու, չքարոզելու, այս համատեքստում ուղղորդված գաղափարախոսական աշխատանք չտանելու մեջ պիտի փնտրենք չարիքի արմատները:
Ի՞նչ ենք մենք քարոզում ամեն Աստծո օր՝հայրենիքի հանդեպ սեր և պատասխանատվությու՞ն, ազգային և համամարդկային արժեքնե՞ր, համերաշխությու՞ն, փոխադարձ հանդուրժողականություն, սե՞ր, միասնությու՞ն, համախմբու՞մ, հայոց էպոսից եկող ուժի և բարության ներդաշնակությու՞ն… Իհարկե՝ ոչ: Մեր հեռուստաալիքները, մեր կուսակցությունները, մեր լրատվամիջոցները որքանո՞վ են քարոզում վերը նշված արժեքները:
Հայը հային սպանում է՝ սա ահազանգ է, հայ զինվորն է հայ զինվորին սպանում, սա չար գույժ է, չարագույժ նշան: Սթափվել է պետք:
Անահիտ Եսայան