Lragir.am. Ազգային Ժողովում կառավարության նոր ծրագիրը ներկայացրած վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանում հեղափոխություն են իրականացնելու՝ մտածողության հեղափոխություն:
Ու՞մ մտածողությունն են փոխելու «հեղափոխականները»: Օրինակ, ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի մտածողությունը փոխելու՞ են: Կամ, Տիգրան Սարգսյանն օրինակ կարողանալու՞ է փոխել Նավասարդ Կճոյանի մտածողությունը: Իսկ Գալուստ Սահակյանի՞նը: Ի՞նչ է պատրաստվում անել Տիգրան Սարգսյանը օրինակ Լիսկայի մտածողության հետ: Թե՞ Լֆիկ Սամոյի մտածողությունն է կառավարությունը փոխելու, որպեսզի նա սկսի հարգել մշակութային հուշարձանները, եւ որպեսզի մի օր էլ նրա գործունեության արդյունքում հարկ չլինի երկրում կանգնեցնել փոքր ու միջին բիզնեսի հուշարձանը:
Անունների շարքը կարելի է թվարկել երկար, եւ որքան այդ անունները շատանում են, այդքան ավելի ծիծաղելի է դառնում մտածողության հեղափոխություն անելու Տիգրան Սարգսյանի ծրագիրը:
Մտածողության հեղափոխությունն իհարկե լուրջ բան է, լրջագույն խնդիր, որ կանգնած է Հայաստանում: Պետության համար այն կենսական է: Բայց մտածողությունը ճառերով չի փոխվում: Մտածողությունը փոխվում է գործերով, իսկ հարկ եղած դեպքում էլ՝ մահակով: Բայց իշխանությունը մինչ այժմ մահակ կիրառում է շարքային քաղաքացիների դեմ, մինչդեռ մահակի կարիք զգացվում է իշխանական համակարգում:
Շատ ավելի լուրջ կլիներ, եթե Տիգրան Սարգսյանը «մտածողության հեղափոխության» մասին խոսեր առավել առարկայորեն, այդպիսով նաեւ հենց իր ելույթի տեսքով դրսեւորելով հեղափոխված մտածողություն: Օրինակ, ասելու փոխարեն, թե այս ենք անելու, այն ենք անելու, այստեղ լավ է լինելու, այնտեղ լուսավոր, մեկ այլ տեղ տաքուկ, Տիգրան Սարգսյանը կարող էր մեկ առ մեկ խոսել ցավոտ խնդիրների մասին եւ անուն առ անուն ասել, թե ինչպես են մտածողություն փոխելու իշխող բուրգում:
Այ դա կլիներ հեղափոխություն, եւ այ դա հասարակությանը իսկապես վստահություն կներշնչեր, որ իշխանությունը մտածողության հեղափոխություն է սկսում, որ իշխանությունը գործ անել է սկսում: Դրանից հետո, հասարակությունը կլիներ Տիգրան Սարգսյանի եւ գործ անող յուրաքանչյուրի կողքին:
Այլապես, Արմավիրի մարզի գյուղացիները օրը մեջ ճանապարհ են փակում որ վերջապես կարկուտից տուժելու համար քիչ թե շատ գործնական աջակցություն ստանան իշխանությունից, իսկ Տիգրան Սարգսյանն ԱԺ ամբիոնում կանգնած հայտարարում է, թե «մտածողության հեղափոխություն» են անելու:
Թեեւ, իսկապես, գյուղացիներին պետք է այլ մտածողություն: Օրինակ, եթե նրանց մոտ մտքի հեղափոխություն լիներ, նրանք վաղուց հասկացած կլինեին, որ կառավարությունից արագ աջակցություն սպասելու համար պետք է «սպայկա» լինել ու դառնալ կրակի կտոր:
Այդ ժամանակ աջակցությունը չէր ուշանա, իսկ մտածողության հեղափոխությունն էլ կտար իր առաջին պտուղները՝ կարկտադիմացկուն պտուղները: Իսկ առայժմ Հայաստանում իշխում է հեղափոխադիմացկուն կարկուտը:

Հակոբ Բադալյան