ԱԺ քառօրյա նիստում խորհրդարանական մեծամասնությունը դեմ քվեարկեց ՀԱԿ-ի ներկայացրած նախագծին' ստեղծել Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող նոր ժամանակավոր հանձնաժողով: Ինչպես նշում են ՀԱԿ խմբակցության պատգամավորները' իշխանությունը դրժեց պայմանավորվածությունը և դեմ քվեարկելով' ապացուցեց, որ իրենց պետք չէ դեպքերի բացահայտումը:
ԳԱԼԱ-ն զրուցել է Մարտի 1-ի զոհեր' Տիգրան Խաչատրյանի և Արմեն Ֆարմանյանի ծնողների հետ:
«Ես Ջհանգիրյանին ասել եմ' իզուր մի չարչարվի: Մինչև չփոխվի էս իշխանությունը, Մարտի 1-ը չի բացահայտվի»,- իր կարծիքն է արտահայտել Տիգրան Խաչատրյանի հայրը:
«Մենք հավատում ենք, որ պետք է արդարություն լինի: Մեր պրեզիդենտը չարդարացրեց, իր խոսքը չկատարեց: Չի կարելի ժողովրդին խաբելով ապրել»,- գտնում է Արմեն Ֆարմանյանի մայրը:
Մեր հարցին, թե արդյոք միամտություն չէր ՀԱԿ-ի կողմից իշխանություններից ակնկալել, որ կողմ կքվեարկեն հանձնաժողովի ստեղծմանը կամ շահագրգռված կլինեն, որ Մարտի 1-ը բացահայտվի, տիկին Ֆարմանյանն ասել է. «Ես չեմ կարող քննադատել այդ մարդկանց: Իրենք էլ իրենց գործն են անում: Բայց եթե մարդ խոսքի տեր ա լինում, տղամարդ ա լինում, ուրեմն իրա խոսքը կատարում ա: Էդքան բան կարող եմ ասել: Ես երեխա եմ կորցրել, ու չեմ ցանկանում' ոչ ոք մեր նման երեխա կորցնի: Ինքը թող մտածի, որ ինքն էլ երեխա ունի, Կառավարությունում բոլորն էլ ունեն: Էս ինչի հենց մեր էրեխեքը զոհվեցին, իրանց բոլորինը մնացին ողջ»:
Արմինե Վարդանյան