Չորեքշաբթի օրը Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնի Վուլիչի շրջանում 2 իսլամիստների կողմից բրիտանացի զինծառայողի սպանությունից հետո բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և «Անգլիայի պաշտպանության լիգա» կազմակերպության ակտիվիստների միջև. գրում է Sky News-ը:
Ակտիվիստները ազգայնական երգեր էին երգում, ռասիստական լոզունգներ էին վանկարկում և բողոքում էին ներգաղթյալների ու իսլամի տարածման դեմ: Ոստիկանները փորձել են ակտիվիստներին օղակի մեջ առնել, սակայն բողոքողները դիմադրություն են ցույց տվել, որից հետո ոստիկանությունը դիմել է մահակների օգնությանը:
Նշենք, որ չորեքշաբթի երեկոյան իսլամիստների կողմից զինծառայողի սպանության դեպքից հետո կրկնակի հարձակում է տեղի ունեցել մզկիթի վրա: 43-ամյա տղամարդը' դանակով զինված, հարձակվել է Բրեյնթրի քաղաքի մզկիթի վրա և փորձել է հրկիզել այն: Նա այս պահին ձերբակալվել է, տուժածներ չկան: Քենթ կոմսությունում մեկ այլ տղամարդ փորձել էր վնասել Գիլինգհեմ մզկիթի շինությունը:
Ոստիկանությունից հայտնում են, որ նա նույնպես ձերբակալված է: