ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Սակրամենտո քաղաքի 56-ամյա բնակիչ Ջիմի Շաոն պնդում է, թե իրեն հսկում է ԱՄՆ-ի կառավարական արբանյակը: Էլեկտրամագնիսական ազդակները նրա մոտ ուժեղ գլխացավեր և հուսահատության զգացողություն են առաջացնում: Իր դժբախտության մեջ նա մեղադրում է պետությանը և այլ ելք չի տեսնում, քան զանգահարել 911 փրկարար ծառայություն և օգնություն խնդրել: Դիսպետչերները նրան խնդրել էին դադարեցնել զանգերը կամ գոնե չօգտվել արտակարգ իրավիճակների համար պատասխանատու զանգերից, քանի որ այդ կերպ նա խոչընդոտում է օգնության մատակարարումը այն մարդկանց, ովքեր դրա կարիքն իրոք զգում են: Սակայն Շաոն դրանից զայրացել էր և սկսել վիրավորել փրկարար ծառայության աշխատակիցներին. մեջբերում է New York Daily News-ը:
Պարզվում է, որ տղամարդն իր յուրաքանչյուր զանգը գրանցում էր հատուկ օրագրում: Նա լրագրողներին պատմել է, որ իրեն տանջում են կառավարական արբանյակի կողմից արձակվող ալիքները, ճնշում իր ուղեղն ու ներքին օրգանները: Նա խոստովանում է, որ իր խոսքերը տարօրինակ են հնչում, սակայն հոգեբանական փորձաքննությունը ապացուցեց, որ տղամարդը միանգամայն առողջ է:
Արդյունքում Շաոյին ձերբակալել էին, սակայն դրանից հետո էլ տղամարդը չէր հանգստացել: Արդեն ազատության մեջ հայտնվելով' նա նորից զանգահարել էր փրկարար ծառայություն: Ոստիկանները զգուշացնում են, որ եթե նա չդադարի իր զանգերը, ապա նորից բանտում կհայտնվի: