Մայիսի 28-ին «Նախախորհրդարան» քաղաքացիական նախաձեռնության անդամները Վանաձորի Արցախ պուրակում հանրահավաք են հրավիրել: Սպասվող հանրահավաքի մասին բնակչությանը իրազեկելու, աջակիցներին ցուցակագրելու նպատակով այսօր նախաձեռնության անդամները Վանաձորում էին: Այս մասին գրում է aravot.am-ը:
«Մենք ունենք ծրագիր, այն իրագործող մարդկանց խումբ, սակայն խնդիր ունենք ժողովրդին իրազեկելու այդ ամբողջի մասին, քանի որ մենք իշխանությունների հրահանգով զրկված ենք մեր երկրում եթերից, հեռուստակայաններից երեւալուց, բացառապես՝ Գալայից, քանի որ հեռուստակայանները բլոկադայի են ենթարկել մեզ, մամուլը պետք եղած ձեւով չի լուսաբանում մեզ, մենք ստիպված ենք երթերով ժողովրդին իրազեկել»,-Aravot.am-ի հետ հարցազրույցում տեղեկացնում է «Նախախորհրդարան» քաղաքացիական նախաձեռնության անդամ, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի համակարգող Ժիրայր Սեֆիլյանը՝ վստահեցնելով, որ իշխանությունների վարած պրոպագանդան անպայման ջարդելու են:
Այդ իսկ պատճառով նախաձեռնությունը Հայաստանով մեկ իրազեկման եւ կազմակերպչական բնույթ կրող հանդիպումներ է սկսել: Ժիրայր Սեֆիլյանը ասում է, որ թեեւ իրենք չէին պատրաստվում ծրագրերը այսքան շուտ ներկայացնել, այնուամենայնիվ, փետրվարի 18-ի ՀՀ նախագահի ընտրություններից հետո տեղի ունեցած իրադարձությունները, մասնավորապես, ժողովրդի ակտիվությունը արագ գործելու հրահանգ ծառայեց: «Ժողովրդի աննախադեպ ակտիվությունը մենք ընդունեցինք որպես հրահանգ, որ այլեւս ժամանակ չկա, եւ նաեւ դա էր պատճառը, որ մենք փորձեցինք սատարել Րաֆֆու բարձրացրած ալիքին, դժբախտաբար, Հովհաննիսյան Րաֆֆին չլսեց մեր հորդորները, եւ դրա ժամկետը ապրիլի 9-նն էր, մենք դրանից հետո չէինք կարող այլեւս ձեռքներս ծալած նստել, իրավունք չունենք, երբ երկիրը այսպիսի աննախադեպ տեմպերով դատարկվում է: Մենք այլեւս որոշել ենք ժողովրդրին հուսադրել՝ ասելով, որ ամեն ինչ կորած չէ, եւ մենք սկսում ենք»: