Galatv.am-ը բողոք-դժգոհություններ է ստացել Կոտայքի մարզի Պտղնի գյուղի մի խումբ ուսանողներից, ովքեր բողոքում են, որ իրենց գյուղը Երևանին կապող տրանսպորտային միջոցը՝ 106-րդ համար երթուղին, գյուղապետի «թեթև ձեռքով հանվել է գծերից և ուսանողներին թողնվել է դաչնիկների հույսին»:
Գյուղի ակտիվ ուսանողներից Անժելիկա Մուրադյանը, ով Երևանում ուսանող է, ԳԱԼԱ-ին պատմեց.
«Արդեն մի քանի տարի երթուղի չունի գյուղը, անընդհատ գնացել-եկել ենք գյուղապետարան, պահանջել ենք, մերժել է՝ առանց որևէ հիմքի: Իսկ բոլորովին վերջերս ասաց՝ ինձ չի հետաքրքրում, ինչ անում եք արեք: Մենք բողոք-դիմումներ գրեցինք ՀՀ նախագահին, ՀՀ Կապի և տրանսպորտի նախարարություն, ոչինչ չօգնեց: Մարդիկ կան, որ ասում են՝ իրենք առաջարկել են գիծ մտցնել, գյուղապետը չի թողնում: Երևանից Պտղնի գյուղ ավելի մոտ է, քան Կոտայքի կենտրոն՝ Աբովյան: Դեպի Աբովյան երթուղի կա, այն էլ կոնկրետ ֆիքսված ժամեր չկան: Բայց մեզ համար անհրաժեշտություն է դեպի Երևան տրանսպորտ ունենալը, որովհետև մեծ թվով ուսանողներ և աշխատակիցներ կան, որ ամեն օր գնում են գյուղից Երևան»:
Ուսանողները ԳԱԼԱ-ին պատմեցին, որ իրենք երիտասարդներով մի քանի անգամ հավաքվել գյուղում բողոք են արել, դժգոհել, բայց գյուղապետը անում է այն, ինչ ինքն է կամենում: «Ապահով Հայաստանում մի՞թե հնարավոր է ուսանողին թողնել ոտքով, մեր մասին ո՞վ է մտածելու: Մեր գյուղը ձայնը տվել է Սերժ Սարգսյանին, պարոն Սերժ Սարգսյան, մենք ինչքա՞ն կարող ենք մնալ դաչնիկների հույսին, սրա-նրա մեքենան նստենք, որ ուշացած դասի հասնենք... մենք սովորել ենք ուզում»:
Երբ խնդրեցինք բացատրել, թե ինչ ասել է «դաչնիկներ», ուսանողներից Անժելիկա Մուրադյանը բացատրեց.
«Դրանք դաչա ունեցողներն են մեր կողմերում, որ մեկ-մեկ բեռնատար մեքենաներ են ունենում, կանգնում ենք գյուղի ծերին ուսանողներով, մեղքները տալիս է, ասում են՝ եկեք տանենք ձեզ քաղաք՝ դասի: Ամեն օր մենք տաքսիով գնալ չենք կարող, շատերը գյուղում մեքենա չունեն:
Այսինքն՝ պիտի կանգառներում 40 րոպեով սպասես, որ պատահական մեքենաներով կարողանաս գնալ:
Հասկացեք՝ գյուղում մեկը խնամի է, մյուսը՝ բարեկամ, երրորդը հարսի բարեկամ է, ոչ մեկը չի համարձակվում, որ գնան ու բողոքեն: Եվ այսպես, բոլորս դաչնիկների հույսին ենք: Դաչաների ավտոներով ենք հասնում, բայց ջահել աղջիկ ուսանող ենք, նստում ենք սրա-նրա մեքենաները, ամեն մեկը մի բան է մտածում, այդպես չի լինի»:
Պտղնի գյուղի բնակիչները համոզված են, որ գյուղապետ Առաքել Վիրաբյանը սեփական բիզնես-շահերից ելնելով է, որ գյուղում տրանսպորտ չի մտցնում.
«Ինքը գյուղում երկու խանութ ունի, ջերմոցներ ու փուռ, իրեն ձեռք չի տալիս, որ քաղաք գնա-գա ժողովուրդը և քաղաքից առևտուր անի: Դա բոլորի կարծիքն է»,- ասում են ուսանողները:
Քրիստինա Մկրտչյան