Irakan.info. ԱԺ վերջին քառօրիայում խոսվեց նաև մամուլում խոսքի ազատության մասին: Իշխանությունը մի քանի անգամ շեշտեց այն միտքը, որ ընդդիմադիրներին խոսք են տվել հեռուսատատեսությամբ: Այսպես է կարծում նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը: Վերջինս այդ մասին ասել է A1+-ին, երբ լրագրողը հարց է ուղղել ազատ խոսքի մասին: Տ. Սարգսյանը ոչ տարել, ոչ բերել ու ասել է, թե տեսեք' ձեզ եթեր ենք տվել:

Սակայն, հիշեցնենք վարչապետին, որ իրենք եթեր չեն տվել է A1+-ին. 2002թ ապրիլի 2-ից եթերազրկված հեռուստաընկերությունը ընդամենը 20 րոպեանոց հաղորդում է եթեր հեռարձակում «Արմնյուզի» եթերով: Այլ կերպ ասած՝ որոշ հաղորդումներ հեռուստաալիքը գնում է A1+-ից:

Բայց ապշելուն այն է, որ իշխող կուսակցությունը տարիներ առաջ փակում է ալիքը, հետո մի հեռուստաալիք գնում է որոշ հաղորդումներ, վերջում էլ վարչապետը կանգնում ու ասում է' տեսեք, ընդդիմադիրներին խոսքի ազատության հնարավորություն ենք տվել: Այսպես են, փաստորեն, պատկերացնում խոսքի ազատությունը Հայաստանում և հենց այսպես էլ սահմանում են խոսքի ազատությունը:

Այն բանից հետո, երբ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ լրագրողներն են երկրում գաղջ մթնոլորտ ստեղծում, իշխանության թևի շատ ներկայացուցիչներ իրենց իրավունք վերապահեցին այն դարձնել մատի փաթաթան և պատեհ-անպատեհ առիթներին լրագրողներին մեղադրում են տարբեր հարցերի շուրջ: Թերևս այս թեզն է առաջ տանում նաև վարչապետը: Դրա համար էլ այսօր կանգնում ու ասում է՝ ընդդիմադիրներին խոսքի իրավունք ենք տվել հեռուսաեթերում: Հենց այն Տիգրան Սարգսյանը, որ ամեն հարմար առիթի արեւմտյան արժեքներից է խոսում, արդյոք անձամբ իր հովանու ներքո աշխատող լրատվամիջոցները համարո՞ւմ է ազատ: Կամ, ո՞վ չգիտի, որ այսօր մամուլը կենտրոնացած է մի քանիսի ձեռքում միայն: Դուք, պարոն վարչապետ, սա էլ ե՞ք համարում ազատություն, ինքն էլ մամուլի…

Տխուր է, շատ տխուր, պարոն վարչապետ, քանի որ եթե Դուք եք այդ ազատությունը սահմանափակողներից մեկը, ապա այն ազատությունը, որն իսկապես անհրաժեշտ է մեզ, մենք երբեք չենք կարող ունենալ:

Իրականում իշխանությունները լավ կանեն իրենց ձեռքերը հեռու քաշեն լրատվամիջոցներից, սակայն ոչ, այս իշխանությունները ճշմարտությունը լսել պատրաստ չեն, նրանց միանգամայն ձեռնտու է կուսակցական մամուլը: Այնպես որ գաղջ մթնոլորտ ստեղծոները ոչ թե լրագրողներն են, այլ հենց ներկուսակցական մանր խնդիրները, որոնց, այո, ցավով պետք է խոստովանել, ծառայում են հենց լրատվամիջոցները: