Հաշվի առնելով արտագաղթի մեծ տեմպը, սպասելի էր, որ անշարժ գույքը էականորեն պետք է էժան լինի: Սակայն նկատելի է հակառակ երևույթը: Վերջին շրջանում բավականին թանկացել են վարձակալական հիմունքներով տրվող բնակարանները Երևանում: Ավելին' վարձով բնակարանների մեծ պահանջարկ կա, իսկ առաջարկը քիչ է:

«Պահանջարկն ավելի շատ է, քան առաջարկը: Կապված է նաև սեզոնի հետ: Սիրիահայերի հետ էլ է շատ կապված, որովհետև մեծ մասը եկել և վարձակալել է բնակարանները, և ազատ բնակարաններ քիչ են մնացել: Իսկ վարձով տվողները տեսնում են, որ շատ է պահանջարկը, փորձում են բարձր գնով հանձնել»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց «Վիվա ռիելթի» անշարժ գույքի գործակալության տնօրեն Էդգար Հարությունյանը:

Ովքեր են ավելի շատ դիմում բնակարաններ վարձակալելու համար' ուսանողնե՞րը, մարզերից Երևան բնակություն հաստատողնե՞րը, սփյուռքահայե՞րը, տեղեկացրեց, որ մարզերից Երևան գալիս են' կախված սեզոնից: Վարձով բնակարան գտնելու համար մարզերից ուսանողները հիմնականում դիմում են օգոստոս ամսին: Ուսանողներից զատ շատ են դիմում սիրիահայերը և այն հայերը, ովքեր բնակարանների հետ կապված խնդիր ունեն' վաճառել են, պետք է վարձով ապրեն:

Եթե այս տեմպերով ընթանա, ուսանողները, հնարավոր է, ամռան ամիսներին կանգնեն վարձով բնակարան չգտնելու խնդրի առջև: Ըստ մեր զրուցակցի' վարձով բնակարան տվողները միշտ էլ տալիս են' անկախ սեզոնից և ուսանողների առկայությունից: Ցանկացած պահի հնարավոր է, որ ավարտվեն կնքված պայմանագրերի ժամկետները և նոր պայմանագիր չկնքվի, ու բնակարանը սպասի նոր վարձակալի:,- ասաց պարոն Հարությունյանը:

Ամսավճարով տրվող բնակարանների գինը Երևանում կախված է վարձակալվող բնակարանի սենյակների թվից և համայնքից. «Կենտրոնում 2 սենյակները ամենաէժանը սկսվում են 80 000-ից, բայց դա' ամենացածր մակարդակի տունն է: Ծայրամասում վարձով տուն տվողները էնպես չի, որ շատ են, բայց եթե կան էլ' մի 80 000-ով կարելի է 3 սենյականոց գտնել, բայց ոչ էն շատ լավ տարբերակը: Այսինքն' ծայրամասերում գինը տատանվում է 60-100 000-ի սահմաններում»,- ասաց մեր զրուցակիցը, ով հավաստիացրեց նաև, որ նախկինում վարձակալությունն ավելի էժան էր, քան հիմա:

«Անցյալ տարվա համեմատ, քանի որ սիրիահայերը այս տարի հիմնականում սկսեցին գալ, միջինը մոտավոր 10-15%-ով բարձրացել է վարձով տրվող բնակարանների գինը: Եվ դա' հատկապես Կենտրոնում և Արաբկիրում, որովհետև նրանց մեծ մասը էդտեղ են վերցնում: Նրանք միջինը հիմնականում վերցնում են 100 000-120 000-ի կարգի տներ»,- նշեց տնօրենը:

Ուսանողական հանրակացարանների մասին դժվարացավ խոսել, քանի որ դրանցով երբևէ չէր զբաղվել. «Ով պետք ա գնա հանրակացարան, իրենցով գնում են, ինքնըստինքյան ցանկություն էլ չեն ունենա գործակալության միջոցով գնալ և տոկոս տալ ավելին»:

Սովորաբար մարզաբնակ ուսանողները բնակարան վարձակալում են սեպտեմբերից սկսած' ամռանն ավելորդ վարձավճարներից խուսափելու համար: Տվյալ պարագայում, պարզ է, նրանք կանգնելու են լուրջ խնդրի առջև, քանի որ ամենաէժանը 80 000-անոց բնակարան վարձելը, ուսման վարձ վճարելը, մայրաքաղաքում կեցության և հազար ու մի հոգսեր հոգալը առանց այն էլ անաշխատանք ու սոցիալական այս ծանր պայմաններում աստղաբաշխական թիվ է ստացվում նրանց համար:

Արմինե Վարդանյան