Ինչպես արդեն տեղեկացրել էր ԳԱԼԱ-ն' մի խումբ ազատամարտիկներ բողոքի ակցիա են իրականացնում մայրաքաղաքի Վարդան Մամիկոնյանի արձանին հարող տարածքում: Ազատամարտիկները 13 կետից բաղկացած պահանջագիր են կազմել, որը պատրաստվում են ներկայացնել վարչապետ Տիգրան Սարգսյանին: «Մենք լիովին անտեսված ենք, մեր տղաներից շատերը այսօր անգամ տրանսպորտի փող չունեն, որ գան ստեղ միասին պայքարենք: Ես մի քանի օր առաջ տեսա, թե ինչպես Սերժ Սարգսյանը հեռուստատեսությամբ ելույթ էր ունենում եւ ասում' ամեն ինչ նորմալ է: Ինչն է նորմալ, մեր վիճակը չե՞ն տեսել: Իրանք չեն հասկանում, որ մեր արյան գնով ենք հաղթանակը ձեռք բերել, որ այսօր կազինոներ ունեն, ջփեր ունեն, մեր կռված տղաների շնորհքն է, ոչ թե իրենց: Այսօր տոն են նշում, Սերժ Սարգսյանը ջփերով գնում է' տոն է նշում, բայց մենք անգամ տրանսպորտի փող չունենք, որ գնանք տուն: Սա՞ է մեր երկիրը, հա՞»,- ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում նշել է ազատամարտիկ Իշխան Սարգսյանը: Վերջինս հայտնել է, որ իրենց պահանջագրում ներառել են կենսաթոշակների բարձրացում, անվճար բուժօգնություն, քաղաքային տրանսպորտից անվճար օգտվելու, ինչպես նաեւ' բնակարանային բարելավմանը վերաբերող հարցեր:
«Մենք, հիշո՞ւմ եք, նստացույց արինք և ապա նամակ հանձնեցինք ՀՀ վարչապետի անունով, սակայն պատասխան դեռ չկա, մենք մեր «կանալներով» իմացել ենք, որ որոշել են 25 տոկոսի բարձրացում անել, բայց ասենք՝ դա մեզ չի բավարարում, աչքեր կապել և բերան փակել դրանով հնարավոր չէ, մենք 100 տոկոսի բարձրացում ենք պահանջում: Սա նշանակում է, որ մեր թոշակները կրկնապատկվելու են: Այսինքն՝ ով 50 հազար էր ստանում, պիտի 100 հազար ստանա, 25 հազար ստացողը՝ 50 հազար և այլն: Եթե մեր այս պահանջը չբավարարվի, մենք կգնանք մինչև վերջ»,-ասել է ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը:
ԳԱԼԱ-ի այն հարցին, թե ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու, ազատամարտիկը ասաց, որ ոչինչ չի ուզում ասել, ամեն ինչ պարզ կդառնա հունիսի մեկից:
Նշենք, որ Արցախյան պատերազմի վետերանների բողոքին միացել են նաև շատ այլ կենսաթոշակառուներ և ՀՀ ակտիվ քաղաքացիներ, ՀԿ ներկայացուցիչներ, նաև' Զինված ուժերում սպանված զինվորների մի մասի հարազատները:
Հավելենք, որ ազատամարտիկների հաջորդ բողոքի ակցիան տեղի է ունենալու հունիսի վեցին, ժամը 11:00-ին: Ազատամարտիկները հայտնեցին, որ այդ օրը հավաքվելու ենք Կառավարության շենքի դիմաց:
Փայլակ Ֆահրադյան
Քրիստինա Մկրտչյան