Այսօր «Հրապարակ» թերթը գրել էր. «Էջմիածնի Արշալույս գյուղում շաբաթ օրը քանդվում էր «Բեռլինի պատը»: Գյուղացիների ու իրավապահների բազմությունը բացում էր այն ճանապարհը, որը գեներալ Մանվելն ու իր որդին՝ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը տարիներ շարունակ փակել էին, որպեսզի իրենց տան մոտով երթևեկություն չլինի:
Ճանապարհի այդ հատվածում հողապատնեշ էին սարքել, որը խոչընդոտում էր երթևեկությունը: Սակայն շաբաթ օրը գեներալի եղբորորդին՝ Արշալույսի գյուղապետ Զարզանդ Գրիգորյանը, «քաջություն ու կամք» դրսևորեց՝ դուրս գալու հորեղբոր ընտանիքի դեմ»:
Լուրեր.com-ի հետ զրույցում Էջմիածնի քաղաքապետարանի լրատվության բաժնից տեղեկացրին, որ այդ թումբը քաղաքապետի տան դիմաց չի եղել, այն ավելի հեռու է։ «Նախկինում քաղաքապետի տան դիմաց շլակբաում է եղել, որը տեղադրել էին Հրանտ և Զարզանդ Գրիգորյանները, այդ շլակբաումը քաղաքապետն իր ձեռքով քանդել է։ Կարեն Գրիգորյանը կողմ է, որ ճանապարհները սիրուն, հարթ կառուցվեն, որպեսզի փոսեր չլինեն»։
Զրուցեցինք նաև գյուղացիների հետ։ «Սա բա փողոցի շնո՞րհք է։ Սաղ փողոցները բերում սարքում են, բացի մեր փողոցներից։ Թող գոնե բերեն ավազ լցնեն, որ կարողանանք մեր դռներն ավտո բերել տանք, թե չէ ով գալիս է, թաղվում է ստեղ։ Գալիս մեզ ձեն են տալիս, թե՝ եկե՛ք, մեզ օգնեք, որ ավտոն հանենք։ Սաղ գյուղերը սիրուն սարքում են՝ բացի այս գյուղից, խի սա գյուղի շնո՞րհք է», - նշեց գյուղացիներից մեկը։
Մանրամասները՝ տեսանյութում.