Այսուհետ Ազատության հրապարակում նստացույց հայտարարած ազատամարտիկների հետ կպայքարեն նաեւ «Շուշի 92» ՀԿ անդամ ազատամարտիկները: Քանի որ գտնում են, որ բոլորի պահանջը նույնն է: «Մենք միասին կռվել ենք, պայքարել ենք նույն նպատակի համար: Ռազմի դաշտում էլ իրար հետ կռվել ենք, հո կապիկություն չե՞նք արել, որ հիմա անենք, հիմա էլ մեր պահանջը մեկ բան է ՝արժանապատվությունը, հնարավոր է, որ շուտով մեր ազատամարտիկների այս խմբին նաեւ այդպիսի անուն կնքենք՝ «Արժանապատիվ ազատամարտիկներ» կամ «Ազատամարտիկների արժանապատիվ կյանք» եւ այլն, ամենակարեւորը, որ «արժանապատիվ» բառը մեջը լինի, մեր գլխավոր նպատակը հենց սա է»,-ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ, ՊՆ համակարգը վերջերս լքած Վոլոդյա Ավետիսյանը: Նա ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց, որ ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը անձամբ իր միջնորդների միջոցով փոխանցել է, որ ուզում է տեսնել եւ զրուցել, եւ ազատամարտիկների 5 հոգանոց խումբը ներկայացրել է իրենց խնդիրները:
Ինչպես հայտնի է՝ ազատամարտիկները դիմում էին հասցեագրել ՀՀ կառավարություն եւ դեռ պատասխան չեն ստացել:
«Գնացինք, իրան ասինք՝ այ մարդ, բոլորս՝ դու էլ, նախագահն էլ մեզ հետ, սաղս նույն նպատակի համար ենք կռվել, հիմա մենք ինչ ենք անում, ապրո՞ւմ ենք, թե չէ, սա ապրե՞լ է, հա՞»,-պատմեցին Ս. Օհանյանի հետ հանդիպման գնացած ազատամարտիկները:
Նրանցից Իշխան Ստեփանյանն էլ ԳԱԼԱ-ին փոխանցեց, որ սպասում են, թե ինչ որոշում է կայացնելու Սերժ Սարգսյանը, քանի որ ՊՆ Սեյրան Օհանյանը խոստացել է երկուշաբթի օրը հանդիպմանը ազատամարտիկների դժգոհությունների մասին տեղյակ պահել Սերժ Սարգսյանին:
«Հետո նորից հավաքվում ենք վիրավոր ազատամարտիկներով, մի քանի անգամ հավաքվել եւ ժամանակ տվել ենք: Պաշտպանության նախարարությունում՝ Օհանյանի հետ հանդիպման ժամանակ, նա տեղում կանչեց իր տեղակալներին եւ վարչության պետերին, հանձնարարականներ տվեց, հետո խոստացավ բոլորը ներկայացնել նախագահին:
Բայց մեր պայքարը շարունակվում է, մինչեւ պատասխան չլինի: Այսպիսի մոտեցում տվեցինք մենք նաեւ իրեն»:
Ազատամարտիկները բողոքի ցույցի հերթական օրը նշանակել են հունիսի 6-ին, ժամը 11-ին՝ ՀՀ կառավարության շենքի դիմաց:
Քրիստինա Մկրտչյան