168.am. Չորեքշաբթի օրը ՀՀ կառավարությունը հավանություն է տվել պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ բժշկական օգնության և սպասարկման ֆինանսավորման հայեցակարգին: Ըստ դրա՝ անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկը մի կողմից՝ հավասարաչափ չի արտացոլում դրանում ընդգրկված բոլոր քաղաքացիների կարիքավորության աստիճանը, մյուս կողմից' իր ընդգրկմամբ և թվաքանակով չի համապատասխանում պետության առկա ֆինանսական հնարավորություններին: Ցանկում տեղ են գտել կարիքավորության տարբեր աստիճան ունեցող անձանց կատեգորիաներ, օրինակ' 2-րդ կամ 3-րդ խմբի հաշմանդամները, որպես կանոն, աշխատելու հնարավորություն ունեցող քաղաքացիներ են, և ինքնըստինքյան պարտադիր չէ, որ համարվեն աղքատ' բացառապես հաշմանդամ լինելու պատճառով: Դրա հետ մեկտեղ' այդ ցանկերում ընդգրկված անձանց մեծ թվաքանակը, որը կազմում է ողջ բնակչության շուրջ 35 տոկոսը, զուգորդված բյուջետային ֆինանսավորման սահմանափակ ծավալների հետ, բերում է նրան, որ պետպատվերի շրջանակներում մատուցվող ծառայությունների գները հաճախ սահմանվում են իրական ծախսերի մակարդակից ցածր, ինչն առաջացնում է կոռուպցիոն ռիսկեր և ստվերային շրջանառություն՝ բացասաբար ազդելով նաև մատուցված ծառայությունների որակի և մատչելիության վրա: Նախագծով առաջարկվում է վերանայել պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով ու առանձին խմբերի ցանկը՝ «առաջնահերթությունը տալով աղքատության (ընտանեկան) նպաստի համակարգում ընդգրկված քաղաքացիներին: Նման մոտեցումն առավել համահունչ կլինի առողջապահության ոլորտում կառավարության կողմից իրականացվող աղքատամետ սոցիալական քաղաքականությանը և կնպաստի դրա թիրախայնության բարձրացմանը: Այս մոտեցման ընդունման դեպքում, ցանկում ընդգրկված խմբերի թվաքանակի կրճատման հետ միաժամանակ՝ հնարավոր կլինի իջեցնել անապահովության միավորի շեմը՝ ներկայիս 36.00-ից մինչև 30.00 միավորի, ինչը թույլ կտա ընդլայնել անվճար բուժօգնությունից օգտվելու իրավունք ունեցող կարիքավոր խմբերի շրջանակը շուրջ 270.000 անձով»: Նախագծում ասվում է նաև, որ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման գների մակարդակն առողջապահության ֆինանսավորման ոլորտում այսօր առկա հիմնական և ամենասուր խնդիրներից մեկն է. «Այդ գները, որպես կանոն, հիմնված չեն տնտեսագիտորեն հիմնավորված ինքնարժեքի հաշվարկի վրա, հետևաբար՝ չեն արտացոլում տվյալ ծառայության մատուցման համար անհրաժեշտ ծախսերի իրական մակարդակը: Գների որոշման հիմքում հաճախ դրվում է տվյալ ծրագրի համար հաջորդ տարվա բյուջեով նախատեսված ֆինանսավորման ծավալը և կանխատեսվող դեպքերի թվաքանակը (արտահիվանդանոցային ծառայությունների դեպքում' սպասարկվող բնակչության թվաքանակը)»: Նախագծում առաջարկված են արտահիվանդանոցային և հիվանդանոցային ծառայությունների ֆինանսավորման մեխանիզմներ: 168.am-ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ասաց, որ ֆինանսավորման հետ կապված բավական թերություններ կան. «Դրանք են՝ պետպատվերն առավել հասցեական դարձնելու, դրա հետ կապված' մանկությունը, մայրությունը առաջնահերթություն համարելն է, նաև առաջնային ամբուլատոր օղակն ամբողջապես անվճար դարձելը: Բայց պետք է նաև հասկանանք, թե ինչպես պետք է մեր ամբուլատորիաները կարողանան գոյատևել, մենք նաև վարձատրության հետ խնդիրներ ենք դնում այս փաստաթղթում: Ընդհանրապես ապագայում ֆինանսական հայեցակարգից բխելու են բազմաթիվ որոշումներ: Սա կազմել է ընդհանուր հայեցակարգը»: Դ. Դումանյանն ասաց նաև, որ նախագծի վրա բավական երկար ժամանակ են աշխատել. աշխատանքները սկսվել են իր նշանակումից մոտ մեկ ամիս հետո:
Օֆելյա Հովհաննիսյան