ԳԱԼԱ. «Ընդհանրապես այսպիսի օրերը ոչ թե որպես տոն են նշվում, այլ որպես համագործակցության սկիզբ: Երբ որ մենք խոսում ենք մարդու իրավունքների մասին, ապա մենք նախ ընտրում ենք խոցելի խմբերը: Հատուկ խմբերը առանձնանում են, որովհետեւ շատ հաճախ ունեն ինքնապաշտպանվածության խնդիր, հատկապես երեխաները' անկախ սեռից: Բոլորս խոսում ենք կոնվենցիայի մասին, բայց ես ուզում եմ ընդգծեմ, որ հռչակագրում կան այնպիսի կետեր, որոնք տեղ չեն գտել կոնվենցիայում»,- այսօր Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ այս մասին ասել է Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:

Խոսելով երեխաների պաշտպանվածության մակարդակից' Լարիսա Ալավերդյանը նշել է, որ հատկապես մեծ թիվ են կազմում բռնությունները երեխաների նկատմամբ: «Ընտանեկան բռնություն ասելով' միշտ հասկանում ենք կանանց նկատմամբ իրականացվող բռնությունները, բայց շատ հաճախ բռնության են ենթարկվում հենց երեխաները: Չնայած հայկական ընտանիքում պահպանվում է այդ պաշտամունքը երեխայի նկատմամբ, սակայն տարեցտարի, սոցիալական պայմանների հետ կապված, ավելի խոցելի դառնում են երեխաները»,- ասել է Մարդու իրավունքների առաջին պաշտպանը:

Ըստ Լարիսա Ալավերդյանի' պետությունը պետք է իր վրա վերցնի երեխաների պաշտպանության հարցը: «Սոցիալական անհավասարությունը ամենամեծ հարվածն է հասցնում երեխաներին: Մեր երկրի նման երկրներում երեխաների աղքատության չափը ցույց է տալիս ավելի մեծ թվեր: Նրանց ծախսերը ավելի մեծ են լինում: Երեխային պետք է տրամադրել ժամանակ, ուշադրություն: Ցավոք սրտի, Հայաստանում, հատկապես գյուղական բնակավայրերում, երեխաների վիճակը տարեցտարի վատանում է, կարծում եմ, սա ահազանգ է: Երբ որ մենք փողոցում տեսնում ենք փող հավաքող երեխաների կամ դպրոց չհաճախողների, ապա սա ահազանգ է, Հայաստանում ձեւավորվել է աղքատության մշակույթ»,- ասուլիսի ընթացքում նշել է Լարիսա Ալավերդյանը:

Վերջին տարիներին ավելացել են երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունները, ինչո՞վ եք դա պայմանավորում, ԳԱԼԱ-ի լրագրողի այս հարցին Մարդու իրավունքների առաջին պաշտպանը տվել է հետեւյալ պատասխանը. «Բարոյականության նորմերը զատվում են իրավական նորմերից: Պահանջվում է օրինակ, որ երեխային չվերցնեն այնպիսի աշխատանքների, որոնք կարող են վնասել նրա ֆիզիկական, մտավոր ու բարոյական արժեքներին: Հասարակական պարսավանքի խնդիրը, կարծես թե, վերանում է, կեղծ ամոթը, կարծես թե, պատճառ է դառնում, որ մենք չբարձրաձայնենք այդ խնդիրների մասին, բայց արդյունքում տուժում է երեխան»: Ըստ նրա' դատարանները շատ մեղմ են վերաբերվում նման մարդկանց հետ:

Փայլակ Ֆահրադյան