Հայաստանի Հանրապետության հարևան երկրներում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակն անհանգիստ է: Վրաստանում այս օրերին դիտվում է կարմրուկի համաճարակ: Համաձայն Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տեղեկատվության 2013 թվականի ընթացքում գրանցվել է կարմրուկի 4533 դեպք, որից 1357-ը հոսպիտալացվել են: Հիվանդացման դեպքերից 2726-ը արձանագրվել է Թբիլիսիում, որից 830-ը հոսպիտալացվել են: Գրանցված դեպքերի 432-ի մոտ լաբորատոր հաստատվել է կարմրուկ ախտորոշումը: Նշված ժամանակահատվածում մահվան ելքով գրանցվել է 2 դեպք' 11 ամսական և 19 տարեկան չպատվաստված անձանց մոտ:
Հայաստանի Հանրապետությունում կարմրուկի համաճարակային իրավիճակը հանգիստ է՝ 2007 թվականից հիվանդացման դեպքեր չեն գրանցվել: Սույն թվականի մայիսի 24-ին հանրապետությունում գրանցվել է կարմրուկի բերովի դեպք՝ 5 տարեկան երեխայի մոտ, ով Վրաստանի բնակիչ է և ընտանիքի մյուս անդամների հետ հյուրընկալվում է Հայաստանում: Դեպքի կապակցության իրականացվում են համալիր հակահամաճարակային միջոցառումներ՝ հանրապետությունում կարմրուկի տարածումը կանխելու նպատակով:
Հաշվի առնելով ամառային օրերին ՀՀ քաղաքացիների ակտիվ տեղաշարժը դեպի Վրաստան, ՀՀ առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս զբոսաշրջիկներին և ակտիվ հանգստի մեկնողներին՝ ուղևորությունից առնվազն 4 շաբաթ առաջ պատվաստվել կարմրուկի դեմ՝ վարակվելուց զերծ մնալու և հանրապետություն հիվանդության ներբերումը կանխելու համար: Կարմրուկով վարակվելու տեսակետից բարձր ռիսկի խումբ են նախկինում չհիվանդացած (կամ հիվանդացած, սակայն լաբորատոր հետազոտության չենթարկված) և կարմրուկի դեմ գոնե մեկ դեղաչափ պատվաստում չունեցող անձինք, հատկապես 15-29 տարեկանները:
Հիշեցնենք. որ կարմրուկը սուր վիրուսային խիստ վարակիչ հիվանդություն է, որը բնորոշվում է ցիկլիկ ընթացքով, արտահայտված ինտոքսիկացիայով, կատառալ և ցանային համախտանիշով: Վարակի աղբյուրը միայն հիվանդ մարդն է՝ գաղտնի շրջանի վերջին օրերից, ողջ կատառալ և որոշ չափով ցանավորման շրջանում: Վարակը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով: Վիրուսն արտաքին միջավայր է թափանցում հազալու, փռշտալու, խոսակցության ժամանակ: Ընկալունակությունը կարմրուկի նկատմամբ չհիվանդացած և չպատվաստված անձանց մոտ համընդհանուր է՝ մոտենում է 100%-ի: Վարակվելուց 5-6 օր հետո հիվանդի ինքնազգացողությունը խանգարվում է՝ բարձրանում է ջերմությունը, սկսվում է հազ, աչքերը բորբոքվում են, լույսի նկատմամբ դառնում են ցավոտ: Մի քանի օր հետո մարմնի ջերմությունը նորից բարձրանում է մինչև 39-40 աստիճան: Հիվանդի վիճակը զգալիորեն վատանում է՝ դիտվում է ընդհանուր թուլություն, քնկոտություն, հրաժարում սննդից, ի հայտ է գալիս ցանը՝ սկզբում դեմքին, ապա տարածվելով ամբողջ մարմնի վրա: Կարմրուկից մահացությունը պայմանավորված է բարդություններով՝ վաղ հասակում հիմնականում թոքաբորբեր, կարմրուկային կրուպ՝ շնչառության կանգով, իսկ դեռահասների մոտ՝ Էնցեֆալիտ, մենինգիտ, էնցեֆալոպաթիա:
ՀԻՇԵՔ՝ ԿԱՐՄՐՈՒԿԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԻԱԿ ՀՈՒՍԱԼԻ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՄԻՋՈՑԸ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆ Է: