Տնտեսական բարձր աճ է գրանցվում, բայց մարդիկ շարունակում են վատ ապրել: Այս մասին ԱԺ-ում 2012թ-ի բյուջեի կատարման հաշվետվության ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը' դիմելով գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանին. « Ինչպե՞ս է նման բան ստացվում»,- հարց ուղղեց Բագրատյանը:
«Այս տարվա չորս ամիսներին 1.5 տոկոսով վատ ենք ապրել, բայց աճել են թվերը: Այդ դեպքում, ինչո՞ւ ենք աճում, եթե ինչքան արագ ենք աճում, այնքան վատ ենք ապրում: Իմ ունեցած տեղեկություններով' միայն ընթացիկ տարվա առաջին 4 ամիսներին 36 հազարով աճել է երկրից մեկնողների թիվը»,- ասաց պատգամավորը' հավելելով, որ թեև «ուտող բերանները» պակասել են, գնաճն ավելին է, քան աշխատավարձի աճը:
Ատոմ Ջանջուղազյանը, սակայն, չկիսեց Բագրատյանի տեսակետը և նպատակահարմար չգտավ պատասխանել հարցին:
«Հարց եմ տալիս ու չեմ լսում պատասխանը: Ստացվում է բյուջեն կատարելով՝ կենսամակարդակն է իջնում, հետևաբար բյուջեի կատարողականը լուրջ վերլուծությունների կարիք ունի»,- իր ելույթում հավելեց Հ. Բագրատյանը: