Հունիսի 4-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենատ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության Վոլգոգրադի ակադեմիայի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վլադիմիր Տրետյակովին, ակադեմիայի պետի օգնական Ալեքսանդր Բլինկովին և ակադեմիայի ուսումնական ընթացքի որակի և ուսումնական բաժնի պրակտիկայի պլանավորման և հսկողության բաժանմունքի տեսուչ Լյուբով Գրիգորյանին:
Հանդիպման ընթացքում Ոուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության Վոլգոգրադի ակադեմիայի և Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիրի միջև կնքվեց համագործակցության պայմանագիր, ըստ որի՝ կողմերը ղեկավարվելով 2008 թ. հունիսի 20-ի Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջև կնքված համագործակցության մասին Համաձայնագրի դրույթներով, ձգտելով գիտության և կրթության բնագավառում փոխշահավետ համագործակցության զարգացման, ուսումնական հաստատությունների, ինչպես նաև ուսանողների, ասպիրանտների, դոկտորանտների, գիտամանկավարժական և գիտական կոլեկտիվների միջև կապերի հաստատման նպատակով՝ պարտավորվեցին համագործակցել ամբիոնների միջև կրթության ոլորտի փորձի փոխանակման և մի շարք այլ հիմնական ու նպատակային ուղղություններով:
ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով հյուրերը պարգևատրվեցին «Քննչական գլխավոր վարչության 50-ամյակ» հոբելյանական կրծքանշաններով:
Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության Վոլգոգրադի ակադեմիայի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վլադիմիր Տրետյակովը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՀՀ ոստիկանության պետին խորհրդանշական հուշանվերներ հանձնեց և հպարտությամբ նշեց, որ Վոլգոգրադի ակադեմիայի շրջանավարտ Վլադիմիր Գասպարյանի լուսանկարը մինչ օրս փակցված է ակադեմիայի շրջանավարտների թանգարանի «Մեր հպարտությունը» պատվո տախտակին: