Բուդաղյան եղբայրների հարազատները դատապարտում են նախօրեին համացանցում հայտնված տեսագրության հանրայնացումը: Այս մասին գրում է թերթը' նշելով, որ խոսքը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած դեպքերի մասին է:

«Նշում են, որ արդեն իսկ տեսանյութում կան այնպիսի հատվածներ, որոնք իրավապահ մարմինների համար պետք է հիմք հանդիսանային' մի քանիսին բերման ենթարկելու»,- գրում է թերթը:

Հարազատների մեկնաբանությամբ. «Սա, ըստ նրանց, երկու նպատակ էր հետապնդում. նախ' ուզում էին ապացուցել, որ Սուրեն խաչատրյանը միջադեպի պահին այնտեղ չի եղել, երկրորդ' ցույց տալու, որ իբր Բուդաղյան եղբայրները հարձակվել են տան վրա: Սակայն Խաչատրյանների ցեղի դեմ երկու հոգով անհնար է հարձակում գործել, և դա քաջ գիտակցում էին նաև Բուդաղյան եղբայրները, այնպես որ' նպատակը բոլորովին էլ հարձակումը չէր»,- այսպես մեկնաբանելով կատարվածը' միաժամանակ հարց բարձրացնելով' մի՞թե Սուրեն խաչատրյանն այդքան խորն էր քնած:

Ըստ Բուդաղյանների հարազատների' Գորիսում բոլորը գիտեն Խաչատրյան եղբայրների և նրանց որդիների հանցագործությունների մասին: Թղթակցին նրանք պատմել են, որ Սուրեն Խաչատրյանի երկու եղբայրները' Սերոբն ու Սեյրանը, թմրամոլներ են:

Նրանք' Բուդաղյանների հարազատները, նշել են, որ թեև տեսանյութն իրականում նպատակ է ունեցել ցույց տալու, որ Սուրեն Խաչատրյանն այնտեղ չի եղել, բայց իրականում ցույց է տվել, թե ովքեր են ներգրավված եղել ու ինչ է կատարվել իրականում:

«Դա հարձակում չէր: Եթե հարձակում լիներ, Ավոն ամբողջ ցեղին կհավաքեր, երկու հոգով չեն գնում հարձակման: Սուրեն Խաչատրյանը հրաման է տվել, որ տղան կրակի, այլապես նա այդքան դուխ չէր ունենա Ավոյի վրա կրակելու»,- ասել են նրանք' հավելելով, որ Լորետա Բարսեղյանին պետք է ձերբակալել ու դատել' առաջին օգնություն չցուցաբերելու համար:

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ» օրաթերթի' 08.06.2013թ. համարում: