2011 թվականի ապրիլից, Երևանի քաղաքապետի որոշմամբ, մանկապարտեզները դարձան անվճար: Առաջին հայացքից' որոշումը հիացմունք է առաջացնում. շատ ծնողներ, ովքեր վճարունակ չեն, ստիպված չեն լինի երեխային կտրել մանկապարտեզ այցելելու հնարավորությունից: Սակայն այս որոշումը իր ետևից մի շարք այլ խնդիրներ առաջացրեց' մանկապարտեզներում հսկայական հերթեր են գոյանում:
Երևանի մանկապարտեզներում հերթացուցակների մասին մամուլում շատ են եղել անդրադարձներ. ծնողները գրանցում են իրենց փոքրիկների անունները, երբ դեռ երեխան մի քանի ամսական է, բայց այդպես էլ չգիտեն' հերթը իրենց կհասնի, թե' ոչ:
Երևանում գոյություն չունի մի համայնք, որտեղ մանկապարտեզներն աշխատեն առանց հերթացուցակների, կամ դրանց առկայության դեպքում գոնե ծնողները ստիպված լինեն ոչ թե տարիներով, այլ' ամիսներով սպասել: Օրերս նման դեպքի ականատես եղանք Շենգավիթ վարչական շրջանի մանկապարտեզներում, որոնցում հերթն այնքան էր գոյացել, որ փոքրիկը ստիպված է սպասել ոչ ավել ոչ պակաս, քան երկու տարի: Այստեղ հարց առաջացավ, եթե մանկապարտեզային տարիքի հասած երեխան պետք է ստիպված երկու տարի համբերի' հասնելով գրեթե դպրոցային տարիքի, էլ ի՞նչ մանկապարտեզ:
Խնդիրն առաջացնում է ծնողների դժգոհությունը, բայց այդպես էլ ո՛չ արձագանք է ստանում, ո՛չ լուծում: Չենք զարմանա, երբ մի օր էլ այդ երեխաների ծնողներին տեսնենք Քաղաքապետարանի դիմաց բողոքի ցույց անելիս:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով ամենաքիչն է շփվում լրագրողների հետ, երեկ Երևանի ավագանու առաջին նստաշրջանի առաջին նիստից հետո լրագրողների համար surprise արեց, պատասխանեց մեր հարցերին: Իհարկե, այդքան պատասխանատու պաշտոն զբաղեցնող մարդը պետք է հաճախ շփվի լրագրողների հետ և ոչ թե այնպես թաքնվի, որ չկարողանանք նրան հարցեր ուղղել' պատասխանների ակնկալիքով:
Լա'վ, ինչևէ, հնարավորությունն ընձեռված էր. հարցրինք նաև վերը նշված խնդրի մասին, թե ինչ լուծում ակնկալենք մանկապարտեզների հերթագոյացությունների հետ կապված: Քաղաքապետը, փաստորեն, այսքան ժամանակ տեղյակ էր, որ նման խնդիր կա: Տպավորություն էր ստեղծվել, որ վերջինս բանից անտեղյակ էր, բայց ամեն դեպքում պատասխանեց. «Մենք իրականում խնդիրներ ունենք մանկապարտեզների հետ կապված: Այո, կան խնդիրներ, քանի որ տասնյակ տարիներ առաջ որոշ մանկապարտեզներ վարչական տարբեր շրջաններում փակվել են: Այսօր Երևանում խնդիր է առաջացել, և մենք քայլեր ենք ձեռնարկելու այս տարիների ընթացքում այս խնդիրը լուծել: Չմոռանանք, որ մինչև 2009 թվականը մանկապարտեզ հաճախում էր մինչև 20000 երեխա, անվճար դառնալուց հետո թիվը հասավ 30.000 երեխայի: Չմոռանանք, որ խմբասենյակներում պետք է որոշակի չափորոշիչներ պահպանենք, և մենք մոտ ժամանակներս այդ քայլերն էլ պետք է ձեռնարկենք»:
Հարց քաղաքապետին' ե՞րբ պարոն քաղաքապետ, ե՞րբ, ի վերջո, պետք է լուծեք ավելի կարևոր խնդիրներ, քան այգիներում թիթեռնիկներ տեղադրելը: