HayNews.am. Պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ ռազմական հերթական գործուղումը: Ուղղությունը' Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի սահմանային այն զորամաս, որտեղ վերջերս մահվան ելքով միջադեպ էր գրանցվել:
Նախքան շարքային Լյուքս Ստեփանյանի սպանության վայրի «զննությունն» ու հանգամանքների ծանոթացումը, հետախույզ- ժամկետայինները լրագրողներին ցուցադրեցին ձեռնամարտի իրենց կարողություններն ու մարտական պատրաստվածությունը, ինչը ենթադրում էր նաև հակառակորդի կայանի գրավման իմիտացիա: Իսկ այն, ինչ հաջորդեց դրան, բնավ իմիտացիա չէր. ցուցադրական ելույթից հետո զինվորները 4-րդ իշխանության իգական սեռի ներկայացուցիչներին վարդեր նվիրեցին, որոնք հենց իրենք էին խնամել: Ստորաբաժանման տարածքում դրանց թիվը 3000-ի է հասնում: Այնուհետ' շրջայց զորամասի ներսում. խոհանոցում պատրաստվում էր զինվորների ճաշին տրվելիք կերակուրները' հնդկաձավարով փլավ, գարոխով և կարտոֆիլով սալաթ և..., ճաշարանում հոբելյար զինվորի համար նախատեսված սեղան էին պատրաստվում գցել, իսկ լսարանում տղաներն ուսումնասիրում էին Ժնևյան կոնվենցիայի դրույթներն ու միջազգային մարդասիրական իրավունք: Հայ զինվորը պետք է ուժեղ, բայց մարդասեր լինի: Ասել է թե' չխոշտանգի թշնամի-գերուն: Զորամասի տարածքում շրջայցի վերջին կանգառը Լյուքս Ստեփանյանի սպանության վայրն էր' ծխարանը: Զորամասի հրամանատար Վահագն Ասատրյանն, ով դեպքից հետո խիստ նկատողություն է ստացել, որոշ մանրամասներ հայտնեց: Նախ' պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող Դավիթ Խաչատրյանը հատուկ նշան չի բռնել և կրակել է ոչ թե ինքնաձիգը կրծքին դրած դիրքից, այլ' գոտկատեղից' զինվորներից մեկի հորդորով իջեցնելու պահին: Իսկ կրակոցն արձակվել է ծխարանից 25-30 հեռավորության վրա գտնվող պահակակետի մուտքից:
«Ծխարանում նստած է եղել վիրավորը, մահացողը և երկու այլ զինծառայող: Մի հատ գնդակ է էն կողմից եկել և, ըստ քննչական ծառայության նախնական տվյալների, Լյուքսին և Հրաչյային խոցել է հենց այդ նույն գնդակը, որը
սկզբից դիպել է վիրավորվողին, այնուհետ պատին կպնելուց և անդրադարձից հետո մահացու հարված է հասցրել Լյուքս Ստեփանյանին: Դրանից առաջ ժամապահը ժամ է հարցրել, պատասխանը' ժամացույց չունենք, որից հետո ժամապահի և մահացած զինվորի մեջ խոսակցություններ են եղել, որի արդյունքում էլ հնչել է կրակոցը: Սկզբից ինքը զենքը պահել է էդ ուղղությամբ, էն կողմի վրա այլ զինվոր կանգնած է եղել, ասել են կողքից' իջացրու, դա խաղալիք չի, էստեղից մահացողն արդեն խոսել է, ինքն իջացրել է և այդ պահին էլ, ինչպես ասացի, հնչել է կրակոց: Դեպքի պահին այդ տարածքում սպա չի եղել, պահակապետը և մարտկոցի հրամանատարը պահակակետերը ստուգելու նպատակով շրջելիս են եղել»,- մանրամասնեց Վահագն Ասատրյանը: Գնդապետի պնդմամբ՝ և սպանողը, և սպանվածը, և վիրավորն օրինակելի զինվորներ են եղել և նրանց միջև որևէ տարաձայնություն չի գրանցվել:Ավելին' սպանություն կատարած Դավիթ Խաչատրյանն ընդգրկված է եղել մի քանի հասարակական խմբերում: Հարցին' համարո՞ւմ եք սա ձեր բացթողումը, գնդապետն, ում պաշտպանության նախարարը նպատակահարմար չի գտել ազատել' նշելով, թե նման հրամանատարները շատ չեն, նկատեց.
«Իմ մեղքով չի, ոչ մի սպայի չեմ կարող մեղադրել, բայց դեպքն արդեն բացթողում է: Միաժամանակ, այս դեպքը հաշվի առնելո՝ պիտի ասեմ, որ դեպքերի նվազում ունենք բոլոր ուղղություններով»:
Ավելի ուշ' ինձ հետ առանձնազրույցում, 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ գնդապետ Ա.Սարգսյանը, պատասխանելով հրամկազմի անտարբերության վերաբերյալ խոսակցություններին, նկատեց.
«Ոնց կարող եմ անտարբեր լինել, չցավել: Ես ոչ թե մեկ, այլ երեք զինվոր եմ կորցրել, երեք զինվորիս ճակատագիր է խաթարվել: Էլ չեմ ասում, որ մարտական լուրջ հաշվարկ կորցրեցի' զորամասի շտաբի պետի, անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալի, դիվիզիոնի հրամանատարի և նրա տեղակալների ու մարտկոցի հրամանատարի ազատումներով»:
Գնդապետ Սարգսյանը հարկ համարեց տեղեկացնել, որ Լյուքս Ստեփանյանի ծնողներն իրենց հետ մասնակցել են դիահերձմանը, մինչ այդ՝ գիշերով հորեղբոր հետ են խոսել, ոչ մի «հակամարտություն» չի եղել, ընդվզումն առաջացել է հուղարկավորումից 2-3 ժամ առաջ:
Ամբողջ ժամանակ միջադեպի վայր հանդիսացող Նոյեմբերյանի այս զորամասում ինձ «ուղեկցող այս կարմիր թելը կտրվեց» միայն զորավարժարանում' «պատերազմի դաշտում» տղաների տարած հաղթանակի և դրան հաջորդած խոսակցության արդյունքում: Անձամբ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն էր հետևում «ռազմական գործողություններին»' հակառակորդի տանկի անձնակազմի և հետևակի ոչնչացում.
«Տեսանք տանկով փորձարկում.կրակ, պայթյուններ, ծխապատված տարածքների անցում, հակառակորդի տեխնիկայի բացթողնում, այնուհետ' ոչնչացում: Մենք ժամանակին խոցել ենք հակառակորդի տանկերը, և նրանք վառված տանկից դուրս են եկել, փախչել, դե, իսկ մեր գնդացրորդներն էլ իրենց գործն են կատարել: Այս ամենը հոգեբանական պատրաստվածության կարևոր բաղադրիչ են և ստիպում են զինվորին չթուլացնել պատերազմի զգացողությունը: Զորամասային որոշ հրաձգարաններում արդեն ունենք առանձնացված տարածքներ՝ գործնական նման պարապմունքներ անցկացնելու համար: Սա եվրոպական և նաև ՆԱՏՕ-ի բանակների պատրաստվածության առաջնային չափանիշներից մեկն է: Հիմա, երբ չկան մարտական լայնածավալ և ինտենսիվ գործողություններ, առաջնագծում գլուխներս միշտ ցածրացնում ենք, որովհետև հոգեբանորեն այդ պահին պատրաստ չենք: Պատերազմի ժամանակ, երբ փամփուշտն անցներ զինվորի գլխավերևով, «վզզար», ոչ մի զինվոր գլուխը չէր իջեցնի, որովհետև գիտեր'այն փամփուշտը, որն քոնն է, չի «վզզում», այլ անձայն դիպչում է»,- բացատրեց նախարար Օհանյանը: Հետո կարճ ժամանակով հեռացավ դիտակետից, դե ես էլ, պատեհ առիթն օգտագործելով, զրույցի բռնվեցի նրա հետ: Սեյրան Օհանյանն անկեղծացավ.
«Ես հպարտանում էս տղաներով, թվում է, թե նրանց կյանքը ոչինչ է նախարարի համար, բայց ես թուղթ ու գրիչը ձեռքիս ամեն պահի նրանց մասին եմ մտածում:Ես ամեն պահի «զգում» եմ զինվորին: Երբ Հանրապետության նախագահնը երկրից բացակայում է, ես ավելի շատ եմ աշխատում, որովհետև զանգեր, հանդիպումներն են քչանում: Այս դեպքում չի գործում այն դպրոցական կանոնը, որ, երբ տնօրենը չկա, ուսուցիչներն ու աշակերտները փախչում են»:
Իսկ պայմանական ռազմական գործողություններից քիչ հեռու այլ ժամկետայիններ աչքերը կապած ինքնաձիգ էին քանդում-հավաքում:Սա ևս պաշտպանության նախարարի հրահանգն է, որն, ըստ նրա, հանգեցնելու է զենքի հետ վարվելու կանոնների խախտումների նվազմանը: Ի դեպ, այս մրցությունում լավագույն արդյունքն ամենաքիչ ծառայողական փորձ ունեցող զինվորինն էր: Թալինցի շարքային Արտակ Կարապետյանն ասաց, որ հարմարվելը բանակային կյանքին հեշտ է եղել.
«Հարմարմելու համար պետք է շփվող լինես և կենցաղային հարցերում պակաս պահանջատեր: Հանգիստ եմ հարթում բոլոր տարաձայնությունները, որոնք գրեթե չեն եղել»:
Հարցին' կներե՞ս վիրավորանքը, պատասխանը եղավ.
«Այո, բայց նայած վիրավորանք: Չէ, երևի ներեմ»:
Կապիտան Մաթևոսյանն իր հերթին հավելեց, թե սպան զինվորին պետք է կրտսեր եղբոր պես վերաբերվի, ինչն իր պարագայում կոնկրետ առկա է.
«Փորձում ենք ամեն ինչ անել' կանխելու անհարթությունները, եթե չենք հասկանում զինվորի «լեզուն»,դիմում ենք ԱՀՏ գծով տեղակալներին: Նրանք զրուցում են և ամեն ինչ իր տեղն է ընկնում: Իսկ պրակտիկայում բարդ զինվորներ հանդիպում են: Մենք զինվոր ունեինք, ով անընդհատ ուշանում էր շարքից և բացակայում: Անընդհատ բացատրում էինք' տղա ջան, այդպես չի կարելի: Հետո աստիճանաբար ուղղվեց և հետագա ծառայությունն անցավ նորմալ»:
Խոսակցությունը շարունակեցի աբովյանցի շարքային Աբել Մաթևոսյանի հետ, ով ի սկզբանե գրավել էր ուշադրությունս իր հասունությամբ: Նա ինձ փորձում էր բացատրել, որ բանակը կյանքի լուրջ դպրոց է և անհրաժեշտ յուրաքանչյուր տղայի համար.
«Տղամարդուն հարիր մտածողություն է զարգացնում: Յուրաքանչյուր տղա ձեռք է բերում տղամարդկային հատկանիշներ, որը ոչ մի տեղից չի կարող վերցնել' լինի դպրոց, թե առհասարակ, քաղաքացիական շփումներ:Սպաներին ընդունում եմ որպես ավագ ընկեր: Մի ընտանիք ենք: Գիտես, երբ դու հեռու ես քո մորից, ընտանիքից և կանգնում ես լուրջ դժվարությունների առջև, հեշտ ես դրանց միջով անցնում, երբ կողքիդ ընկեր է լինում, դու քեզ լավ զգում և նրան այլ կերպ չես կարող վերաբերվել, քան ընտանիքի անդամի: Այսօր շատ են խոսում անհանդուրժողականությունից, բայց դա դժվար չի հարթել : Ես հարթում եմ այն իմ մտածողությամբ կամ սպայի միջոցով»:
Դիտարկմանը' ասում են մարտական հերթապահություն իրականացնող զինվորն առավել բռնկվող է, քան թիկունքում ծառայողը, Աբելն արձագանքեց.
«Ախր, հակառակորդի հետ անընդհատ շփման մեջ գտնվելը հեշտ բան չի: Հասկանում ե՞ք»:
Ժամանակն էր առաջնագիծ գնալու, ուստի այսքանով փորձեցի ավարտել տղաների հետ շփումը, երբ շարքային Գրիգորյանը տեղից առաջ եկավ և հուզված ու մի քիչ էլ վրդովված ասաց.
«Մենք այստեղ թշնամու հետ կռիվ ենք տալիս, ոնց ընկերս ասեց, իսկ դուք գրում եք, թե բանակ չկա: Ո՞նց չկա: Դա ազդում է մեզ վրա: Ջղայնությունս գալիս է, երբ լսում եմ: Միջադեպեր լինում են, հա, բայց բանակ կա»:
Այս խոսքերը մեխվեցին ուղեղումս, թեպետ, երբևէ նման արտահայտություն թույլ չեմ տվել, բայց հեռացա մեղավորության զգացումով և հանդիմանված: Իսկ արդեն հակառակորդի հենակետից 350 մետր հեռավորությամբ գտնվող առաջնագծում, հորդառատ անձրևի տակ, ծանր զրահահագուստով, զինվորի ասածը շա~տ մոտ թվաց, երբ կես քայլ շեղումը կարող է ճակատագրական լինել:
Ժամանակն էր, պետք էր իջնել դիրքերից ու, առհասարակ, հեռանալ զինվորի աշխարհից: Հեռացա' զինվորի վարդը թողնելով ծաղկամանում' շշնջալով. «Թող քեզ վարդեր չբերեն...»
Մարիամ Պետրոսյան