Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր երդվեց Երևանի նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Երդման արարողությանը ներկա էր քաղաքական ողջ էլիտան՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, Արարատյան հայրապետական թեմի փոխանորդ, արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանը, մշակութային և հասարակական գործիչներ:

Եկել էին շնորհավորելու Տարոն Մարգարյանին։ Այնտեղ էր նաև ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ով լրագրողների հետ ճեպազրույցում համոզված նշեց, որ ինքը վստահ է՝ 4 տարի հետո ունենալու ենք ավելի լավ Երևան, և երևանցիները հպարտանալու են, որ իրենք կատարել են շատ ճիշտ ընտրություն՝ վստահելով Տարոն Մարգարյանին։

Վերջինիս խոսքով՝ Տարոն Մարգարյանը լավագույն քաղաքապետն է. դա ապացուցեց մեկուկես տարվա նրա գործունեությունը,

«Մենք ունեցել ենք շատ լավ քաղաքապետեր, բայց բոլոր քաղաքապետերն էլ իրենց լուրջ լուման են ներդրել մայրաքաղաքի զարգացման գործում։ Սա փաստ է։ Վատ է այն սերունդը, որը չի գերազանցում հին սերնդին»,-ասաց Շարմազանովը։

Lurer.com-ի թղթակիցը Շարմազանովից հետաքրքրվեց.

-Ձեզ դո՞ւր են գալիս այգիներում դրված թիթեռնիկները.

-Թիթեռնիկը չեմ էլ տեսել, գիտեք, ինձ դուր է գալիս առհասարակ ամեն ինչը, որ կա։ Ամենաշատը ինձ դուր է գալիս, որ կանաչ գոտիները մեզ մոտ գնալով շատանում են.

-Բայց դրանք արհեստական են։

-Խոսքը կանաչ գոտիների մասին է։ Ինձ դուր է գալիս այն, որ գնալով կանաչ գոտիները շատանում են։

Մանրամասները առաջարկում ենք դիտել Lurer.com-ի պատրաստած տեսանյութում։