«Միշտ ցանկացել եմ ու հաճախ փորձել եմ ժուռնալիստներին հարցեր տալ: Թող ձեռք բարցրացնեն նրանք, ովքեր կասկածում են, որ էդ գործարքը եղել է»,- ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը' պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք պատգամավորը հավատում է վարչապետ Տիգրան Սարգսյանի այն հայտարարությանը, որ ցանկացածի անունով կարող են օֆշորայնի կազմակերպությունն բացել, և վարչապետը կապ չունի օֆշորային պատմության հետ:
Ձեռք բարձրացնող չկար. Արամ Մանույանը շարունակեց. «Փաստորեն՝ իրենք համոզեցին, որ եղել է այդպիսի գործարք: Իսկապես, մենք առաջարկել ենք՝ թող հանձնաժողով ստեղծվի և ավելի բաց և հիմնավոր ապացուցեն, որ նման գործարք չի եղել»: Արամ Մանուկյանը, սակայն, նաև ցանկանում է պաշպանել Տիգրան Սարգսյանին. «Վերջերս մի տեսակ վարչապետին ուզում են դարձնել քավության նոխազ: Նույնիսկ երեկվանից սկսած զգացողություն է մեջս ակտիվանում' պաշպանել վարչապետին: Մի պարզ պատճառով, որ ինքը չէ այս ամենի մեղավորը: Սա կատարվում է մեկ մարդու կամքով, թելադրանքով, մեկ մարդու համաձայնությամբ»,- համոզված է ՀԱԿ պատգամավորը:
Անդրադառնալով Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի երեկվա ելույթին և թվարկած խախտումներին' Արամ Մանուկյանը ասաց. «Ամբողջ համակարգն է այդպիսին: Մարդիկ, ովքեր խախտումներ են արել, չեն կարող անել այլ կեպ: Հավատացնում եմ' բոլոր բնագավառներում աշխատելու համար հարկավոր է կեղծել: Որ չկեղծես, էդ կաշառքները ոնց ես տալու, եթե գաջ բերում ես, մարգարին ես ձևակերպում, կամ բանան բերում ես, դամաշնիկ ես ձևակերպում: Գնացեք ցանկացած խանութ, հարցրեք՝ ապրանքներն իրենց անուններին իրենց թղթով համապատասխանո՞ւմ են, հարցրեք՝ թվերը համապատասխանո՞ւմ են: Տարբերակ չկա' ինքը ապրանքը ստանում է մի թղթով, ձևակերպում է մեկ այլ թղթով: Եթե վաղը հարկայինը եկավ, պետք է խաբելու հաշվին ստացած գումարներից փող աշխատի: Սա համակարգից է գալիս և դա նպատակային է տեղծվել»:
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով' Իշխան Զաքարյանի բերած թվերը, խախտումները շատ լավ են, բայց պատժել է պետք: «Նա երեք տարի ներկայացրել է, բայց ովքե՞ր են պատժվել, ոչ ոք: Սա սովորական շոու է' երեք արարով' հայտնաբերել, ցուցադրել, պատժել կամ չպատժել: Հենց մեկին պատժեն, կասենք' ապրեք: Սակայն դա կլինի հարյուրից մեկը»,- հավելեց պատգամավորը և խոսեց «նոր» արտագաղթի մասին. «Հայաստանից սկսել է ապրանքների սարքերի արտագաղթ: Ինչո՞ւ է բիզնեսի մարդը լքում Հայաստանը: Մտածե՞լ եք: Սոցիալականը շատ պարզ է, բայց հիմա լքում են փող ունեցողները, գործ ունեցողները, բանկիրները, բիզնեսմենները: Ադիբուդի սարքող սարքեր, շաուրմայի սարքեր, հաց թխող սարքերը հիմա ուպակովկա են անում և կա հատուկ ծառայություն, որոնք բեռնատարերով դրանք տեղափոխում են Ռուսաստան: Նրանք այս երկրում ապահովագրված չեն, ցանկացած պահի նրանց կարող են հոդվածի տակ մտցնել»: