HayNews.am. Երևանի ավագանու այսօրվա նիստում քաղաքապետի տեղակալի թեկնածու առաջադրվեց Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Օհանյանի թեկնածությունը:
Հարցեր տալու համար հերթագրվել էին «Բարև Երևան» դաշինքից ավագանու երկու անդամ: Ավագանու անդամ Դավիթ Սանասարյանը հետևյալ հարցն ուղղեց Դավիթ Օհանյանին. «Դուք Սամվել Ալեքսանյանի մտերիմն եք, հայտնի է, որ Սամվել Ալեքսանյանը բազմիցս խնդիրներ է ունեցել քաղաքապետարանի ու մի շարք այլ կառույցների հետ:Որպես քաղաքապետի տեղակալ՝ որքանո՞վ ենք պատրաստվում անաչառ լինել»:
«Կներեք, ես Սամվել Ալեքսանյանի ընկերն եմ, բայց ոչ թե իրավաբանը»,- հետևեց պատասխանը:
Այս պատասխանը չբավարարեց Դավիթ Սանասարյանին, և նա կրկին հարցրեց. «Ըստ էության հարցիս պատասխանը չստացա, քանի որ չէի հարցնում իրավաբան եք, թե՝ ոչ, այլ ցանկանում էի ճշտել' որքանո՞վ եք պատրաստվում անաչառ լինել»:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի արդեն նախկին ղեկավարը նշեց. «Ես ձեր իմացած ինֆորմացիային չեմ տիրապետում և չեմ հիշում դեպքեր, երբ Սամվել Ալեքսանյանը մշտապես խնդիրներ ունենա, խնդիրը եղել է «Փակ շուկայի» հետ կապված, որը, կարծես թե, կարգավորվել է»:
Հաջորդ հարցը Արթուր Գասպարյանինն էր: Պարզվեց՝ ավագանու անդամի հարցը, ինչպես ինքը բնութագրեց, պատմական է:
«Ուզում եմ պատմական էքսկուրս կատարել, բայց կարճ կարող է ձևակերպել: 2008 թ.–ի «Մարտի 1-ի» դեպքերին դուք որտեղ ե՞ք գտնվել»,- նշեց նա։
Այս հարցը ուղղակի հունից հանեց Լևոն Իգիթյանին, ու նա նստած տեղի ասաց. «Չհասկացանք, էս ի՞նչ ա, ով ում հետ է ընկերություն արել, ով ուր է գտնվել»:
Դավիթ Օհանյանը նշեց, որ այդ օրը եղել է թաղապետարանում, ինչը բավարարեց հարց տվողին:
Սակայն այդպես էլ պարզ չդարձավ հարցի ենթատեքստը:
Նկատենք, որ ավագանու անդամներն արդեն սկսեցին ընդդվզել ու չթաքցնելով իրենց զայրույթը «Բարև Երևան» դաշիրնքի նկատմամբ' նստած տեղից մի քանի ռեպլիկներ բաց թողեցին. «էս ինչա, ցիրկի մասնակի՞ց ենք, թե՝ շոուի»:
HayNews.am