Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացավ Վարդան Սեդրակյանի և մյուսների գործով դատական քննությունը:

Դատական նիստի սկզբում մեղադրող դատախազը կարդաց 6 հատորանոց քր.գործից առանձնացված հատվածներ, սակայն դատախազի ձայնը չէր լսվում, քանի որ վերջինս շատ կամաց էր խոսում, իսկ խոսափողները միացված չէին (տե՛ս տեսանյութը):

Այնուհետև, հայտարարությամբ հանդես եկավ ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանը, ով հայտնեց, որ Վարդան Սեդրակյանը կապ չունի այս մահափորձի հետ, իսկ մանրամասներն անպայման հաջորդիվ կհայտարարեն:

Նիստի ընթացքում հետազոտվեցին գործով ապացույցները: Պարզվեց, որ Հայրիկյանի բաճկոնն ու շապիկը վնասված էին միայն թևքի մասում:

Ցուցմունք տվեց նաև գործով մեղադրյալ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը: Վերջինս դատարանին ասաց, որ ինքը Հայրիկյանի մահափորձի մասին տեղեկացել է հեռուստատեսությունից, տանը, ընտանիքի անդամների հետ և շտապել հիվանդանոց՝ տեսակցելու Հայրիկյանին, սակայն չի տեսակցել, քանի որ Հայրիկյանին դեղեր էին ներարկել, և արգելված է եղել տեսակցությունը: Հայտարարեց, որ որևէ կապ չունի մահափորձի հետ և լուրջ պատճառ չի տեսնում, որ ինքը դրա համար բանտում լինի: Այնուհետև Վարդան Սեդրակյանը դատարանին միջնորդեց կալանքը փոխել մեկ այլ խափանման միջոցի.

«Խնդրում եմ Ձեզ, հարգելի՛ դատարան, փոխել իմ նկատմամբ խափանման միջոցը: Ես էլի կշարունակեմ դատավարությանը ներկայանալ և չեմ խոչընդոտի աշխատանքներին»,-ասաց Սեդրակյանը:

Վարդան Սեդրակյանը չցանկացավ գործին չվերաբերող հարցերի պատասխանել:

Միջնորդության քննարկումը հետաձգվեց:

Սեդրակյանի խափանման միջոցը փոխելու մասին միջնորդությունը կներկայացվի հաջորդ դատական նիստին: Մյուս երկու ամբաստանյալները ցուցմունք կտան նույնպես հաջորդ դատական նիստին՝ հունիսի 20-ին՝ ժամը 12:00-ին: