«Ես առաջարկում եմ այս փաստաթուղթն ուղարկել Դատախազություն, և ո՛չ Կառավարությունը, ո՛չ Ազգային ժողովը ո՛չ էլ ՎՊ-ն իրավասու չէ հիմնավորել որևէ չարաշահում»։ Այս մասին այսօր Ազգային ժողովում Վերահսկիչ պալատի 2012 թվականի հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը։
«Մենք կուղարկենք և Գլխավոր դատախազությանը առաջարկենք, որ այդ գործընթացների մասին պարբերաբար տեղեկացնի Ազգային ժողովին, Կառավարությանը, ՎՊ-ին։
Եթե մեր բոլորի նպատակն է անել ամեն ինչ, որ չարաշահումներ չլինեն մեր երկրում, այս մոդելը, ձևաչափը ճիշտ է, և ես շնորհակալություն կհայտնեմ իմ բոլոր այն գործընկերներին, որոնք կառաջարկեն ավելի լավ, արդյունավետ առաջարկներ։
Այս ամբիոնից հնչեցնել անհիմն մեղադրանքներ չարաշահումների թալանների նկատմամբ և հանրության մոտ ստեղծել մի կարծիք, որ դա համակարգված թալան է, ես դեմ եմ և քննադատում եմ նման մարդկանց։ Հորդորում եմ, որ Ազգային ժողովը չօգտագործեն հանրությանը թյուրիմացության մեջ քցելու, այլ իրական պատկերը ներկայացնեն»,-ասաց Հովիկ Աբրահամյանը։