Այսօր խորհրդարանն իր արտահերթ նիստում քննարկման դրեց Ազգային ժողովի պատգամավորներ Մանվել Գրիգորյանի, Սեդրակ Սարոյանի և Սամվել Ֆարմանյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» և «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը, որը ներկայացրեց Սամվել Ֆարմանյանը:

Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց կողմ՝ 99, 0՝ դեմ, և 0՝ ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

Ելույթով հանդես եկավ ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը։

«Կարգավիճակ տալը Պաշտպանության նախարարությունն է անում։ Մոտ 85 000 մարդ օգտվում է այս իրավունքներից, որոնցից 35 000-ից ավելին ազատամարատիկներ են, մնացածը՝ զինծառայող։ Այս նախագիծն այն մարդկանց մասին է, ովքեր ժամանակին դուրս են մնացել։

Այս երկրում ամեն ինչ եղել է։ Խոսքը չի գնում երկրապահի անձանակազմի մասին, խոսքը երկրապահ կամավորականների մասին է, ովքեր կամավորության սկզբունքով մասնակցել են 80-ից մինչև 94 թիվը, իսկ ովքեր զինվորական են եղել, այդ ամբողջ լիազորություններից են օգտվել։

Ինչքան կարողանանք անել ազատամարտիկների համար, քիչ է, այսօր էլ աշխարհն ինչ անում է, քիչ է։ Երկրապահը Մանվելի սեփականությունը չէ, մանավանդ որ առաջինը երկրապահը չի եղել, այլ եղել է տարբեր կուսակցությունների քաղաքական դաշտ։

Սա Հայաստանի Հանրապետությանն է, անկախ գաղափարախոսությունը, երբ երկրի պաշտպանությունն է, ոչ մեկիս սեփականությունը չէ, դա Հայաստանի Հանրապետությանն է։ Նույն այդ կամավորականը Լևոն Տեր-Պետրոսյանն է, Ռոբերտ Քոչարյանն է, Սերժ Սարգսյանն է, Աբրահամյան Հովիկն է, վարչապետն է։ Ես ուզում եմ, որ այն, ինչն այս երկրինն է, ժողովրդինն է, վերադարձնենք իրեն, երկրապահն այս պետությանն է։

Ես ուզում եմ իջնեմ հասնեմ իմ ընկերին, իրավունք չունե՞մ, ես ուզում եմ, որ այսօր ոչ թե գեներալ, լեյտենանտ լինեմ, ուզում եմ, որ այն տղեքրից բարձր չլինեմ»։