Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր օպեր լիազորներ Խաչիկ Բախբուդարյանի և Արտակ Բարսեղյանի գործով դատական նիստը սկսվեց և անմիջապես հետաձգվեց: Հիշեցնենք, որ վերջիններիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք, հանդիսանալով պաշտոնատար անձիք, կատարել են պաշտոնական կեղծիք և իրենց լիազորությունների շրջանակից ակնհայտորեն դուրս եկող բռնությամբ զուգորդված գործողություններ, որով էական վնաս են պատճառել անձանց և պետության օրինական շահերին:

Նախապես ժամը 14:00-ին նշանակված դատական նիստը դատավոր Մնացական Մարտիրոսյանի խորհրդակցական սենյակում գտնվելու պատճառով անորոշ ժամանակով ուշացավ: ԳԱԼԱ-ն այդ ընթացքում դատարանի սպասասրահում գտնվող դատախազ Ջոն Ֆարխոյանից տեղեկացավ, որ ամենայն հավանականությամբ տուժողի ներկայացուցիչը չի կարողանա ներկայանալ դատական նիստին՝ առողջական խնդիրներ ունենալու պատճառով:

Այնուհետև, երբ դատական նիստը սկսվեց, դատախազ Ֆարխոյանն այլևս դատական նիստերի դահլիճում չէր՝ այլ նիստ ունենալու պատճառով:

Ուստի դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց հունիսի 26-ին, ժամը 12:00-ին:

Արաքս Մամուլյան