«Ներքին թուրքը Թոխմախի գերեզմանատանը ոչնչացնում է հայ մտավորականների հիշատակը ...
Հրաչյա Աճառյանի գերեզմանաքարը ...
ՀՐԱՉՅԱ ԱՃԱՌՅԱՆ
(1876-1953), ականավոր հայ բանասեր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943)։ Հայտնի է իր գիտական աշխատություններով հայոց լեզվի բարբառաբանության, լեքսիկոլոգիայի, լեքսիկոգրաֆիայի, պատմության վերաբերյալ և այլն:
Ծնվել է Կ. Պոլսում, 1876 թ. մարտի 8 (20)-ին, կոշկակարի ընտանիքում, վախճանվել՝ Երևանում՝ 1953 թվականին։ Սովորել է նախ իր ծննդավայրի Կենտրոնական վարժարանում, հետո մեկնել է Փարիզ՝ բարձրագույն կրթություն ստանալու Սորբոնի համալսարանում, որտեղ աշակարտել է Անտուան Մեյեին։ 1897 թ. Փարիզի լեզվաբանական ընկերությանը ներկայացրել է իր ուսումնասիությունը լազերինի մասին և ընտրվել է այդ ընկերության անդամ։ Նույն թվին նա Փարիզում մասնակցել է արևելագետների 13-րդ կոնգրեսին և հայերենի մասին ներկայացրել է երկու զեկուցում։ 1898 թվականին մեկնելով Ստրասբուրգ՝ Աճառյանը մի սեմեստեր լսել է հայագետ Հյուբշմանի դասախոսությունները։ Ավարտելով մասնագիտական բարձրագույն կրթությունը՝ 1898 թ. Աճառյանը գալիս է Անդրկովկաս և նվիրվում է ուսուցչությանն ու գիտական աշխատանքներին։
Երկար տարիներ նա ուսուցչություն է արել Էջմիածնում, Շուշիում, Թավրիզում, Նոր–Նախիջևանում, Կարինում և այլուր։ Կարինում Աճառյանը կազմել է Սանասարյան վարժարանի ձեռագրերի ցուցակը՝ կորստից փրկելով հայ մշակույթի որոշ արժեքները։
Աճառյանը շրջել է պատմական Հայաստանի շատ վայրեր, ուսումնասիրել է մագաղաթներ, հուշարձաններ՝ հատկապես խորանալով մի շարք բարբառների հետազոտության մեջ և զանազան նյութեր է հավաքել հայագիտության տարբեր ճյուղերի համար։ Գավառական ուսուցչի թափառական դրությունը Աճառյանին թույլ չի տվել հրապարակելու իր կարևոր աշխատությունները։ Սովետական կարգերի հաստատումից հետո Աճառյանը նշանակվում է Պետական Համալսարանի դասախոս, և ամբողջապես նվիրվում է գիտական ու մանկավարժական աշխատանքների և իրար ետևից լույս է ընծայում բազմաթիվ գիտական աշխատություններ։
Աշխատություններ
_________________
«Քննություն Ղարաբաղի բարբառի» Վաղարշապատ(1901)
«Թուրքերենե փոխառյալ բառեր հայերենի մեջ» Վաղարշապատ (1902)
«Classification des dialectes arméniens» (1909)
«Գավառական բառարան» (1913)
«Քննություն Նոր–Նախիջևանի բարբառի» (1925)
«Քննություն Մարաղայի բարբառի» (1926)
«Քննություն Ագուլիսի բարբառի» (1936)
«Քննություն Նոր-Ջուղայի բարբառի», Երևան (1940)
«Քննություն Պոլսահայ բարբառի» (1940)
«Հայ բառագիտություն» (1941)
«Քննություն Համշենի բարբառի» (1941)
«Քննություն Վանի բարբառի» Երևան(1952)
«Քննություն Առտիալի բարբառի» Երևան(1953)
«Հայոց անձնանունների բառարան»
«Հայերեն Արմատական Բառարան» (1926-1935)
«Տաճկահայոց հարցի պատմությունը» (Սկզբից մինչև 1915 թ.). Նոր Նախիջևան, 1915:
«Կյանքիս հուշերից» Երևան(1967)
Իր կյանք վերջին տարիններին Աճառյանը նվիրվել էր «Լիակատար քերականություն հայոց լեզվի» մեծածավալ աշխատությանը՝ կազմված 12 հատորներից, որտեղ քննարկվում է հայոց լեզվի քերականությունը և պատմական զարգացումը 562 լեզուների համեմատությամբ։ Բացի նշված աշխատություններից, Աճառյանը մոտ քառասուն տարի աշխատակցել է հայ բազմաթիվ պարբերականների, մի քանի տասնյակ հոդվածներ է գրել թե՛ հասարակական հարցերի և թե՛ գիտական-լեզվաբանական ուղղությամբ։ 1935 թվականին նրան շնորհվել է Գիտական վաստակավոր գործչի կոչում, իսկ 1943 թվականին նա ընտրվել է Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի անդամ։ Լեզվաբան և ճարտապարետ և թարգմանիչ հրապարակախոս»,- գրառումը և լուսանկարը Արթուր Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից: