Lragir.am. Սորբոնի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանի (Նյու Յորք) հետ զրուցել ենք համանախագահների հայտարարությունից
Պարոն Մարտիրոսյան, երեք նախագահները' Բարաք Օբաման, Օլանդը և Պուտինը երկարաձգեցին Ղարաբաղի ստատուս քվոն: Էդվարդ Նալբանդյանն էլ մեկնաբանեց, որ հայտարարությունը կարող է խթան հանդիսանալ բանակցային գործընթացում առաջընթացի համար, եթե Ադրբեջանի ղեկավարությունը ճիշտ ընկալի եռանախագահ երկրների կողմից արված շեշտադրումները: Սա վկայում է այն մասին, որ Ղարաբաղի հարցում զարգացումներ չե՞ն լինի:
Ես համաձայն չեմ այն թեզի հետ, թե ստատուս քվոն երկարաձգվեց: Ոչինչ էլ չի երկարաձգվում, մի փոքր հետաձգվում է պատերազմը: Ղարաբաղյան հակամարտությունն այնպիսի կետում է գտնվում, որ խաղաղ ճանապարհով լուծումներ գտնելը գրեթե անհնար է: Այդ մասին չեն խոսում Հայաստանում, փոխարենը' խոսում են Ադրբեջանում: Եվ մինչդեռ ադրբեջանցիների համար պետք է որ ելքային միակ տարբերակը լիներ խաղաղ բանակցություններով արդյունքի գալը, դա մերժված տարբերակ է նրանց կողմից: Մեզ համար մերժելի տարբերակ է ռազմական լուծումը, սակայն մեր պարագայում էլ հակառակն է' ռազմական լուծումն է միակ ելքային տարբերակը, որովհետև հակառակորդի քաղաքական դիրքորոշումը բացառում է բանակցային գործընթացի արդյունքում մեզ համար որևէ դրական լուծում: Սարսափելի, սակայն իրական տարբերակ է դա, որից մեզ խուսափել կարծեք չի ստացվի:
Ինչ վերաբերում է եռանախագահների հաղորդագրությանը, ապա պաշտոնական հայտարարությունները մի բան են, իրականությունը հաճախ այլ: Խաղաղություն պատվիրելիս կողմերին չեն զինում: Իսկ հիմա թե Իսրայելի և թե Ռուսաստանի կողմից Ադրբեջանին լրջագույն տեխնիկա է մատակարարվում: Այդ ֆոնին, հայտարարությունն ավելի շուտ ժամանակավոր զսպման մեխանիզմ է հիշեցնում և ոչ մշտական լուծման դեղատոմս: Մյուս կողմից, որքան էլ մենք դա ներկայացնենք որպես Ադրբեջանի վրա քաղաքական լուրջ ճնշում' կարելի է և այն գնահատել որպես ճնշում Հայաստանի վրա' սեփական դիրքորոշումը' պատերազմից խուսափելու համար մեղմացնելու ու զգալի զիջումների գնալու նպատակով:
Պարոն Մարտիրոսյան, եթե չեմ սխալվում, Դուք լուրջ փոփոխություններ էիք անկնկալում Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում, ընդհուպ մինչև պատերազմի հնարավոր վերսկսումը: Կարծում եք ձե՞ռք բերեցին պայմանավորվածություն:
Ոչ, իմ խորին համոզմամբ որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել: Այս խնդիրը պայմանավորվածությունների դաշտից գրեթե դուրս է:
Արդյոք սա ավելի կանխատեսելի Կովկաս ունենալու ջանքեր են:
Առավել կանխատեսելի' ոչ: Առավել կառավարելի' թերևս:
Որքանո՞վ այս հայտարարությունը կարող է ազդեցություն ունենալ ներհայաստանյան կյանքի վրա: Առհասարակ տարածաշրջանի երկրների զարգացումները' մասնավորապես Հայաստանում, Թուրքիայում և Ադրբեջանում, նաև Իրանում կարո՞ղ են արդյոք անկանխատեսելի իրավիճակ ստեղծել գերտերությունների համար:
Ցավոք սրտի' հայ հասարակությունը արտաքին քաղաքականության հանդեպ հիմնականում ամորֆ է և գրեթե չի հետաքրքրվում: Դա տարօրինակ երևույթ է: Օրինակ' Սիրիայում հիմա, այս պահին, այս օրերին վճռվում է ողջ տարածաշրջանի, եթե չասենք արևմտյան քաղաքակրթության հարցը: Եվ դրա առաջին ազդեցությունն ու հարվածը Հայաստանն իր վրա է զգալու: Սակայն հասարակությունը Սիրիային հետևում է' կարծես հեռավոր մի մոլորակից, որտեղ ինչ-որ գաղութ ունի: Ղարաբաղյան խնդիրն էլ նույն հարթությունում է: Հասարակությունն, ընդհանուր առմամբ, իներտ է այս թեմայի արտաքին զարգացումներին, եթե, իհարկե, այս կամ այն նախկին կամ ներկա զինվորականի խրոխտ հայտարարությունները մի կողմ թողնենք:
Ինչ վերաբերում է հարևան պետությունների հետ կապված քաղաքական զարգացումների' Հայաստանի վրա ունենալիք ազդեցությանը, ապա դա կասկածից վեր է: Իրանի դեմ պատերազմը Հայաստանի համար կարող է կործանարար լինել: Այդ պատերազմն իր մեջ կներքաշի տարածաշրջանային և ոչ միայն տարածաշրջանային բազմաթիվ պետություններ ու տերություններ, որոնց ճանապարհին Հայաստանը սեպ է լինելու, իսկ Ադրբեջանի համար' թուլացող հակառակորդ: Ռուսաստանն, անշուշտ, իմ համոզմամբ ինչ-որ բան կանի' Հայաստանը չկորցնելու համար, բայց դա կլինի բավական ուշ և բավական մեծ նոր զոհաբերություն-նվիրատվություններից հետո միայն: Դա սարսափելի սցենար է, որի տեսիլքն անտեսելն այնքան էլ հեշտ չէ: Ինչ վերաբերում է գերտերությունների վրա մեր տարածաշրջանի երկրների ներքին զարգացումների թողնելիք անկանխատեսելի ազդեցությանը, ապա, թերևս, գերտերություններն են, որ հաճախ անկանխատեսելի իրավիճակներ են ստեղծում տարածաշրջանի երկրների համար: Այնպես որ, հարցը երկու կողմ ունի, և երկու կողմերն էլ դրական պատասխաններ չեն ենթադրում:
Ձեր կանխատեսումներով, ի՞նչ կլինի Ադրբեջանի շարունակ ագրեսիայի և Ռուսաստանի' այդ երկրին զենք մատարակարելու ֆոնին:
Պատերազմ: Ռազմական կոնֆլիկտ: Ռուսական զենքն իրականում չի կարող փոխել Ադրբեջանի մտադրությունները: Դրանք կան և Ալիևի համար անքննելի են: Ռուսական զենքը կարող է և կբարդացնի Հայաստանի վիճակը, և Հայաստանն ավելի մեծ կախվածության մեջ կընկնի իր ռազմավարական դաշնակցից: Ընդհանրապես, քաղաքականության մեջ անպատկերացնելի երևույթ է, երբ կարևորագույն «ռազմավարական» դաշնակիցն իր այդ դաշնակցի ոխերիմ թշնամուն զենք է մատակարարում: Դա մոտավորապես նույնն է, ինչ, ասենք, եթե ԱՄՆ-ը զիներ ոչ միայն Իսրայելին, այլև Համասին: Անպատկերացնելի է: Ռուսաստանի դիրքորոշումն այս հարցում, նվազագույնը լուրջ բացատրություններ է պահանջում:
Ե՞րբ կարող է ըստ Ձեզ պատերազմ լինել:
Մինչև Օբամայի այս ժամկետի ավարտը, թերևս լուրջ փոփոխություններ չլինեն: Բարաք Օբաման հակված չէ ռազմական կոնֆլիկտներ նախաձեռնելու: ԱՄՆ հաջորդ նախագահը հնարավոր է չունենա նույն տրամադրվածությունը, և այդ պարագայում իրանական պատերազմի հնարավորությունն առավել իրատեսական կարող է դառնալ: Արցախյան երկրորդ պատերազմը ես կապում եմ հենց այդ կոնֆլիկտի հետ: Դա Ադրբեջանի աստեղային ժամն է լինելու' ինչպես Թուրքիայի համար առաջին համաշխարհայինը եղավ հայկական բնիկ տարրից ազատվելու համար: Իրանի միջազգային կոնֆլիկտի շրջագծում Հայաստանը ոչ միայն կարող է աննկատ մնալ, այլև գեոպոլիտիկ մանրադրամի վերածվել: Լուծո՞ւմը... Պետք է սցենարներ մշակել, և եթե խաղաղություն ենք ուզում' լրջորեն պատրաստվել պատերազմի:
Սիրանույշ Պապյան