Հունիսի 9-ին Երևանի Վերին Շենգավիթի 11 փողոցի 34 տան բնակչուհի Անուշ Բունիաթյանը տնից դուրս է եկել և անհայտ կորել: Արդեն 10 օր է՝ հարազտները և ոստիկանությունը փնտրում են աղջկան, բայց դեռևս՝ ապարդյուն: Lurer.com-ի թղթակցի հետ զրույցում Անուշի համադասարանցի Շուշան Թադևոսյանը, նկարագրելով ընկերուհուն, ասաց. «Շատ մելանխոլիկ, սուսիկ-փուսիկ աղջիկ է: Քիչ է շփվում, հոգեկան շեղումներ երբեք չի ունեցել, բարձրահասակ, նիհար, երկարամազ աղջիկ է»:
Հարցին, թե հնարավոր է՝ Անուշն ընկեր ուներ, և վերջինիս հետ է նա փախել, ասաց. «Ընկեր չուներ, անկեղծ ասած՝ իր դեպքում դա ամենավերջին տարբերակը կարող է լինել»: Իսկ թե կայի՞ն արդյոք նրանով հետաքրքրվողներ, ընկերուհին տեղյակ չէ, բայց Անուշի մայրը հայտնել է, որ աղջկա կյանքում չի եղել մի տղա, որ ցանկանար իր հետ փախչել:
Վերջինիս խոսքով՝ կորած աղջնակը նորմալ ընտանիք, հոգատար ծնողներ ունի, ընտանիքում կրտսեր զավակն է, ունի մեծ եղբայր:
Անուշ Բունիաթյանի մասին ոստիկանությունը ևս հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «2013 թ. հունիսի 9-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Երևանի Վերին Շենգավիթի 11 փողոցի 34 տան բնակչուհի Անուշ Բունիաթյանը տնից դուրս է եկել և անհայտ կորել:
Արտաքին տվյալներն են՝ հասակը՝ մոտ 160-165 սմ, մազերը՝ երկար, շագանակագույն, նիհարավուն կազմվածքով, շագանակագույն աչքերով, երկարավուն դեմքով, փոքր քթով։
Հագին եղել է շագանակագույն կարճ տաբատ, վարդագույն սպորտային վերնաշապիկ, կարճաթև ծաղկավոր շապիկ և վարդագույն հողաթափ։
Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Շենգանվիթի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 010-44-02-02, 010-48-02-02, 010-44-42-60, 010-44-20-90 հեռախոսահամարներով»: