Ազգային ժողովն այսօրվա նիստում քվեարկության դրեց Կառավարության կողմից ներկայացրած մի շարք նախագծեր։

Երրորդ ընթերցմամբ քվեարկության դրվեց կառավարության ներկայացրած «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային եւ մաքսային արտոնություններ տրամադրելու մասին նախագիծը, և Ազգային ժողովի պատգամավորներ Մանվել Գրիգորյանի, Սեդրակ Սարոյանի և Սամվել Ֆարմանյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» և «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը։

Նշենք, որ այս երկու նախագծերը բուռն քննարկվեցին Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի ժամանակ։ «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» նախագիծը, ենթարկվելով խմբագրական մի քանի փոփոխությունների, դրական ընդունվեց ԱԺ-ում ներկայացված բոլոր 6 խմբակցությունների կողմից։

Իսկ «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնություններ տրամադերլու մասին նախագծին կողմ քվեարկեց 76 պատգամավոր, դեմ՝ 4, ձեռնպահ՝ 15։