ԳԱԼԱ.«Օֆշորային մեխանիզմի արդյունքում մենք այսօր գործ ունենք մի երևույթի հետ, երբ միջազգային կորպորացիաները, միջազգային բանկերը, միջազգային բոլոր միավորումներն ավելի քան երբևէ պետության ու պետականության նշանակությունն իջեցնում են: Դա դրված է ազատականության ամենախորքային փիլիսոփայության մեջ: Մենք հասել ենք այսօր մի վիճակի, երբ հստակ երևում է, որ այդ մեխանիզմներով են տեղի ունեցել, այսպես կոչված, ֆինանսական ճգնաժամն ու փողերի լվացումը, այսինքն՝ ստուգում ենք ամեն ինչ, բայց մի քանի տեղ մնում է որպես կղզի, որտեղ ամեն ինչ կարելի է անել, բայց ոչ բոլորին: Սա այն անհավասարության մեխանիզմն է պետությունների մեջ, որը թույլ չի տալիս աղքատ պետությանը կամ զարգացող պետությանը դառնալ հարուստ և զարգացած: Աղքատները աղքատանում են, և հարուստները հարստանում են: Այն, որ Հայաստանում օֆշորներից սկսեցին օգտվել մինչև անգամ շուկայական հարաբերությունները չկայացած ժամանակ, խոսում է միայն նրա մասին, որ հայկական քաղաքական էլիտան աշխույժ ձևով մտել է փողերի լվացման մեջ և բացարձակապես այստեղ հաշվի չի առնվել ո՛չ երկրի ստարտային վիճակը, ո՛չ էլ հասարակական և պետական շահը»,- հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ ասել է Ժառանգություն կուսակցության ներկայացուցիչ Լարիսա Ալավերդյանը:

Խոսելով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի անվան հետ կապված օֆշորային սկանդալի մասին' ԲՀԿ ներկայացուցիչ Վարդան Բոստանջյանն ասաց, որ վարչապետը դիմել է դատարան՝ պարզաբանելու իր անվան հետ կապված օֆշորային սկանդալը և այս առումով այժմ որևէ բան ասելը լուրջ չի լինի նրա կողմից:

Անդրադառնալով նույն թեմային՝ տիկին Ալավերդյանն ընդգծեց, որ մենք ունենք լեգալ, բայց ոչ լեգիտիմ իշխանություններ: Հանրությունում իշխանության հանդեպ տիրում է անվստահության մթնոլորտ :

«Մարդիկ պետք է ոչ միայն լսեն, այլ նաև տեսնեն գործնական փոփոխությունները, որոնք չեն իրականցվում: Ավելին, մենք տեսնում ենք, որ անպատժելիությունը ոչ միայն տնտեսական ոլորտում է, ոչ միայն բարոյական արժեքների կորստում է, այլ նաև քրեածին իրավիճակի մեջ ենք հայտնվել, այստեղից է գալիս, որ եթե նույնիսկ որևէ դրական քայլ էլ արվի, միևնույն է, վստահության քվեն ստանալը մնալու է արդիական: Այդ նույն սկանդալների, հարստահարված մարդկանց ցուցակներում կան նրանց անունները, ում ձեռքին այսօր կուտակված են կառավարման լծակները»:

Անդրադառնալով Աշոտ Սուքիասյանի ' ՀՀ գլխավոր դատախազությանը գրած նամակին, որում ասվում է, որ կազմակերպության հիմնադիրն ինքն է և ինքն է բաժնեմասեր գնել Տիգրան Սարգսյանի և Նավասարդ Կճոյանի անուններով՝ առանց նրանց գիտության և առանց նրանց համաձայնության, տիկին Ալավերդյանն ասաց.

«Անգամ եթե դա ճշմարտություն է, արժանահավատ չէ: Ցանկացած նամակ, ցանկացած հայտարարություն ո´չ ինձ, ո´չ էլ լայն հանրությանը հավատ չի ներշնչելու»:

Տաթև Ֆռանգյան