Այդպիսի բան ասողը առնվազն գիժ է եւ շտապ հոգեբույժի կարիք ունի: Այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց ԱԻՄ առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանը՝ անդրադառնալով «Սիրունյան» իրավաբանական գրասենյակի այն հայտարարությանը, որ նրա մարմնի աջ մասում' երկրորդ հրազենային վնասվածքի հատվածում, վերարկուն, բաճկոնը, վերնաշապիկը եւ ներքնաշապիկը գնդակի մուտքային անցքեր չունեն:
«Էդ գժություններին արձագանքել պետք չէ, դրա համար չենք արձագանքում»,-ասաց Պ. Հայրիկյանը:
Նշենք, որ Հայրիկյանի գործով մեղադրյալ Վարդան Սեդրակյանի շահերի պաշտպան «Սիրունյան» իրավաբանական գրասենյակը երեկվա դատական նիստի ընթացքում Պարույր Հայրիկյանի հագուստները զննելուց հետո ասել էր, որ մարմնի աջ մասում երկրորդ հրազենային վնասվածքի հատվածում վերարկուն, բաճկոնը, վերնաշապիկը եւ ներքնաշապիկը գնդակի մուտքային անցքեր չունեն:
«Եթե հայտարարում են, որ կրակոց չի եղել, նրանք առնվազն գիժ են: Դե որ նրանք ասում են գնդակների տեղ չեն նկատել, նշանակում է՝ ժխտում կամ կասկածի տակ են դնում կրակոց լինելու փաստը, իսկ դա նշանակում է, որ նրանք առնվազն գիժ են, եւ նրանց տեղը հոգեբուժարանն է»:
Պ. Հայրիկյանն ասաց նաեւ, որ ինքը շարունակելու է բուժում ստանալ, որպեսզի կարգավորվի առողջական վիճակը:
«Բժիշկներն ասել են, որ շարունակելու եմ բուժումս եւ ժամանակ առ ժամանակ գնալու եմ արտասահման, որ բուժում ստանամ»:
Հավելենք, որ այսօր դատարանում արդեն ցուցմունք է տվել ամբաստանյալ Խաչիկ Պողոսյանը, ով հայտարարել է, որ ինքը Պ. Հայրիկյանին ոչ թե սպանելու, այլ վախեցնելու նպատակ է ունեցել:
Քրիստինա Մկրտչյան