ՀՀ կառավարության որոշմամբ՝ պոլիկլինիկաներում հաշվառված հաշմանդամ մարդիկ իրավունք ունեն ստանալու դեղորայք մասնակի կամ լրիվ զեղչով, որի համար տվյալ պոլիկլինիկայում հաշվառված հաշմանդամին տրվում է տեղեկանք, և դրա հիման վրա դեղատունը հատկացնում է համապատասխան դեղորայքը: Որպեսզի պարզ լինի, թե կոնկրետ որ պոլիկլինիկան որ դեղատան հետ պիտի աշխատի, հայտարարվում է տենդերային մրցույթ, որին մասնակցում են բոլոր դեղատներն' ըստ ցանկության: Հայտարարված մրցույթում հաղթող պիտի ճանաչվի այն դեղատունը կամ դեղատները, որոնք առավել մատչելի գներով են վաճառում դեղորայքը:
Պարզվում է' Երևանում ամենից մատչելի գներով դեղեր վաճառող դեղատները այն դեղատներն են, որոնք գտնվում են «Երևան Սիթի» խանութների ցանցի ներսում' չնայած այն բանին, որ շատ հաճախորդներ գտնում են, որ դրանք ամենաթանկ դեղատներն են:
Օրինակ' հիպերտոնիայով հիվանդ Նարինե Դալլաքյանն ասում է, որ չնայած «Երևան Սիթիում» գործում է բոնուսային համակարգ, և դեղորայք գնելու դեպքում որոշակի քանակությունից հետո հաճախորդները կուտակած բոնուսների հաշվին զեղչեր են ունենում, սակայն, ըստ Նարինեի, Սիթիում բոնուսային համակարգ է գործում, որովհետև այնտեղ ամեն ինչն այլ խանութներից թանկ գներով են վաճառում:
ԳԱԼԱ-ն փորձեց կապ հաստատել Երևանի տարբեր հատվածներում գտնվող դեղատների հետ և ճշտել, թե արդյոք հաճախորդների դժգոհությունները համապատասխանում են իրականությանը: Օրինակ' շաքարային դիաբետի համար նախատեսված «Դիաբետոն» դեղորայքը շատ դեղատներում արժե 5200 դրամ, մինչդեռ քաղաքում գտնվող «Երևան Սիթի» խանութների ցանցից մի քանիսը հրաժարվեցին հեռախոսով հայտնել դեղորայքի գինը, մեկ-երկուսն էլ ասացին, որ կարող են հայտնել դրա մոտավոր արժեքը' ոչ ավել, քան 5500 դրամ:
ԳԱԼԱ-ի հարցին, թե ինչի հետ է կապված դեղերի գները մոտավոր, այլ ոչ թե հստակ ասելու հանգամանքը, որևէ հստակ պատասխան չտրվեց:
Փորձեցինք Երևանի տարբեր հատվածներում գտնվող պոլիկլինիկաներից նաև պարզել, թե դրանցից որոնք որ դեղատների հետ են աշխատում: Զեյթունում գտնվող «Դավիթ Անհաղթ» պոլիկլինիկայից հայտնում են, որ իրենք աշխատում են «Ալֆա Ֆարմ» և « Երևան Սիթի»- ում գտնվող «Նատալի Ֆարմ» դեղատների հետ, Դավիթաշենի թիվ 20 պոլիկլինիկան աշխատում է միայն Դավիթաշենի «Երևան Սիթիի» ներսում գտնվող դեղատան հետ:
Նույնն է պատկերը նաև քաղաքի մյուս հատվածներում գտնվող պոլիկլինիկաների դեպքում:
Ի դեպ' «Երևան Սիթի » խանութների ցանցը գրանցված է հայտնի գործարար Աամվել Ալեքսանյանի կնոջ անունով:
Արաքս Մամուլյան