ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայությունից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ» պետական ոչ առևտրային կազմակերպության պաշտոնատար անձինք, օգտվելով ՀՀ պետական կառավարման մարմինների առանձին պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետևանքով իրենց պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հանգամանքից, վատնել են ՀՀ Կառավարության 2010թ. մայիսի 13-ի թիվ 654-Ն որոշմամբ անհատույց օգտագործման իրավունքով պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված, պետական սեփականություն հանդիսացող առանձնապես խոշոր չափերի' 18.286.607 ՀՀ դրամ արժողությամբ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը' 2012թ. մարտի 28-ին «Երևանի» Ադամանդ ապրանքա-հումքային բորսա» ՓԲ ընկերության միջոցով 2.251.605 ՀՀ դրամով ապօրինի օտարել' վաճառել են այլ անձի: Այդ մասին հայտնում են ՀՀ հատուկ քննչական ծառայությունից:
Նախապատրաստված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ' ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 315-րդ հոդվածի 2-րդ մասով, կատարվում է նախաքննություն: