«Ամոթ ազատամարտիկին», «ինչ-որ Հովսեփ» և նմանատիպ վարկաբեկող արտահայտություններ է հնչել ATV հեռուստաընկերության «Կիսաբաց լուսաբացներ» հաղորդաշարի ժամանակ՝ հաղորդաշարին հրավիրված դերասանուհու կողմից: ԳԱԼԱ-ն տեղեկացնում է, որ այսօր լրագրողների հետ հանդիպման էին եկել Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկներ, բժիշկ Նորայր Շահբազյանը, 3-րդ դասակի հրամանատար Ժորա Ֆարյանը և լրագրող Հակոբ Պողոսյանը՝ ի պաշտպանություն Շուշիի ազատամարտիկ Հովսեփ Աղաբեկյանի: Նրանք դժգոհում էին, որ «Կիսաբաց լուսամուտների» շրջանակներում քննարկվել է Մասիվի հանրակացարաններից մեկում ազատամարտիկ Հովսեփ Աղաբեկյանի և բնակիչներից մեկի միջև ծագած վեճը՝ կապված որոշակի տարածքի հետ, և որ քննարկման ընթացքում սխալ մեկնաբանություններ են հնչել: Բանախոսները ներկայացնում են, որ հաղորդման ժամանակ ասվել է իբր Հովսեփը ցանկանում է վտարել հանրակացարանի բնակչուհուն իրեն պատկանող տարածքից, սակայն նրանք պատմում են, որ ազատամարտիկն ուղղակի ասել է, որ այդ հարցը պետք է իրավական կարգավորում ստանա:

Հաղորդման ժամանակ տաղավար է եկել հանրակացարանում բնակվող կնոջ հաշմանդամ երեխան, որն, ամենայն հավանականությամբ, հոգեբանորեն ազդել է վերոնշյալ դերասանուհու վրա, և նա սկսել է ազատամարտիկին վարկաբեկող խոսքեր ասել: «Կիսաբաց լուսամուտներ»-ը զանգահարել է Հովսեփ Աղաբեկյանին և հրավիրել հաղորդմանը հյուր, ով չի ներկայացել, հետո զանգահարել են ազատամարտիկի բնակարան: Վերջինս Հայաստանում չի եղել, իսկ կինը հրաժարվել է պատասխանել որևէ հարցի: « Եկեք չմոռանանք, որ «Կիսաբաց լուսամուտները» ներքին գործերի նախարարությունը չէ, որ կարող է ծանուցում ուղարկել մարդուն, և նա պարտավոր լինի ներկայանա»,- նշում է Ժոր Ֆարյանը:

Հակոբ Պողոսյանը նշում է, որ հաղորդման անձնակազմին տեղյակ է պահել այսօրվա ասուլիսի մասին, հրավիրել է դրա հաղորդավար Հրաչ Մուրադյանին, սակայն վերջինս, փաստորեն, չի ներկայացել:

Բանախոսները պահանջում են ներողություն խնդրել ազատամարտիկից՝ նրա բարի համբավը արատավորելու համար:

Արաքս Մամուլյան