Երևանի մանկապարտեզներում առկա խնդիրները շարունակում են մնալ Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանի ուշադրության կենտրոնում:
Տիկին Բախշյանը քաղաքապետ Տարոն Մարգարյանին ուղղված նամակով իր մտահոգությունն է հայտնել Երևանի թիվ 56 մանկապարտեզի առնչությամբ: «Վերջին 1 տարվա ընթացքում տեղի ունեցած ընտրությունների ժամանակ 11/11 ընտրատեղամասը տեղակայված էր Երևանի Արցախի 14 հասցեում: Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկանքի՝ ընտրատեղամասը տեղակայված է Արցախի 14 հասցեում՝ թիվ 56 մանկապարտեզի շենքում: Հանրապետությունում տեղի ունեցած վերջին 3 ընտրություններում որպես Շենգավիթ համայնքում ընտրությունների պատասխանատու՝ անձամբ եղել եմ ընտրատեղամասում, որտեղ չկա մանկապարտեզ: Պարզել եմ, որ մանկապարտեզի շենքը սեփականաշնորհված է: Ավելին, ասում են, որ սեփականատերը վարձով է այն տրամադրում թիվ 11 ընտրատարածքայինին կամ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, ստույգ չգիտեմ: Ակնհայտ է, որ Երևանի Արցախի 14 հասցեում գործած թիվ 56 մանկապարտեզը գոյություն չունի, դրա փոխարեն քաղաքապետարանի կայքի գործող մանկապարտեզների էջում մանկապարտեզը գրանցված է Ավանում»,- ասված է նամակում:
Տիկին Բախշյանը խնդրել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ տրամադրել տեղեկություն առ այն, թե երբ է օտարվել Արցախի 14 հասցեում գտնված թիվ 56 մանկապարտեզը, որ որոշմամբ, որ քաղաքապետն է ստորագրել որոշումը, երբ է կայացվել որոշում, որով Երևանի թիվ 56 մանկապարտեզը վերահասցեագրվել է Ավանում, ինչպես նաև՝ բոլոր այն իրավական ակտերը, որոնք առնչվում են մանկապարտեզի օտարման գործընթացին:
ՀՀ կրթության պետական տեսչությունը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Հանրակրթության վարչությունում 2012թ. մայիսի 14-ից հունիսի 14-ը իրականացրած ուսումնասիրության վերաբերյալ տեղեկանքում արձանագրել է, որ ուսումնասիրված 160 նախադպրոցական ուսումնական հաստատությունների տարբեր խմբերում ընդգրկված երեխաների թիվը գերազանցում է ՀՀ ԿԳ նախարարի 26.01.2007թ. հ. 29-Ն հրամանով հաստատված՝ ՀՀ պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների խմբերի խտությունը և նորմատիվները (մինչև 3 տարեկան՝ 15-20, 3-6 տարեկան՝ 25-30): «Ակնհայտ է, որ համատարած առկա այս անթույլատրելի փաստն անչափ վտանգավոր է 42 հոգանոց խմբի երեխաներից յուրաքանչյուրի համար, որովհետև մեկ դաստիարակը չի կարող վերահսկել ու ճիշտ կազմակերպել կրթությունը: Իհարկե այս վիճակը հետևանք է Երևանում վերջին տարիներին տարբեր անհիմն պատճառներով փակված մանկապարտեզների՝ Երևանի թ.1, թ.56, Ներքին գործերի մանկապարտեզի, որը գտնվում էր Նալբանդյան 106 հասցեում, Մալաթիա-Սեբաստիա համայնքում տարբեր տարիներին փակված մանկապարտեզների»,- նշված է քաղաքապետին ուղղված՝ Անահիտ Բախշյանի մեկ այլ նամակում:
«Բարև Երևան» խմբակցության ղեկավարը հետաքրքրվել է նաև, թե քաղաքապետն ինչ է պատրաստվում անել այդ ուղղությամբ, ինչպես է քաղաքապետարանը լուծելու խնդիրը, որովհետև «2011-2015թթ. Կրթության զարգացման պետական ծրագիր» օրենքով նախատեսված է, որ 2015 թվականին նախադպրոցական տարիքի երեխաների 90%-ը պետք է հաճախի մանկապարտեզ, իսկ ներկայումս Երևանում մանկապարտեզների տարբեր տարիքային խմբերում ընդգրկված է երեխաների ընդամենը 56,8%-ը: