Ռուսաստանը լրջորեն զղջալու է այն օգնության համար, որը ցուցաբերում է ԱՄՆ-ի ԿՀՎ-ի գործողությունները բացահայտած Էդուարդ Սնոուդենին, կարծում է Forbes-ը: Ինչպես նշում է հոդվածի հեղինակը, ԱՄՆ-ն Սնոուդենին ձեռք բերելն իր ամենակարևոր առաջնայնությունն է համարում: Ուստի յուրաքանչյուր պետության համար, որը օգնում է ամերիկացի ծրագրավորողին, այդ աջակցությունը լուրջ հետևանքներ կունենա: Մասնավորապես այդ պետությունը ԱՄՆ-ի կողմից բազմապիսի բացասական գնահատականների կարժանանա և ճնշումների գործադրման պատճառ կտա: Հոդվածագիրը վստահ է, որ Ռուսաստանը հնարավոր տարբերակներից ընտրել է վատագույնը, քանի որ սկզբում խառնվել է այդ իրավիճակին, իսկ այնուհետև պասիվ-ագրեսիվ կերպով հերքում է իր կողմից ցանկացած տիպի նման միջամտություն: Հոդվածագիրը կարծում է, որ Մոսկվան նման քայլով շատ հիմար, անհեռատես և ոչ արդյունավետ վարք է դրսևորում:

Իր հերթին The Times-ը նշում է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունները լարվելու են հատկապես այն բանից հետո, երբ ՌԴ նախագահ Պուտինը ելույթ ունեցավ Սնոուդենի մասին և հայտարարեց, որ Ռուսաստանի հասցեին ցանկացած նման մեղադրանք ինքը զառանցանք է համարում: